Որակական ածականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որակական ածականներ, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ։

Որակական ածականներն արտահայտում են՝

  • առարկաների արտաքին ու ներքին հատկանիշներ (օրինակ՝ բարձր, թեթև, մաքուր, նոր, ուղիղ և այլն),
  • մարդկանց ու կենդանիների բարոյական ու հոգեկան հատկանիշներ (օրինակ՝ լուրջ, համառ, սիրալիր, ծույլ և այլն),
  • գույներ (օրինակ՝ կանաչ, լուրթ, ճերմակ և այլն)
  • զգայարաններով ընկալվող հատկանիշներ (օրինակ՝ քաղցր, դառը, կծու և այլն) և այլն։

Որակական ու հարաբերական ածականների քանակական սահմանը շատ շարժուն է և հարաբերական[1]։ Սակայն որակական ու հարաբերական ածականների բառիմաստային տարբերություններն ուղեկցվում են բառակազմական ու քերականական մի շարք տարբերություններով, այսինքն` կարելի է նշել մի շարք առանձնահատկություններ, որոնց հիման վրա կարելի է որակական ածականներն առանձնացնել հարաբերականներից։ Այդ տարբերություններն են`

  • Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ, օրինակ` համառ - ավելի համառ - ամենահամառ, բարձրահասակ - ավելի բարձրահասակ - ամենաբարձրահասակ և այլն։ Որոշ որակական ածականներ, սակայն, իրենց արտահայտած իմաստով պայմանավորված, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ամուրի, ամուլ, ազաբ, անջատ, արու, էգ, դատարկ, զուրկ, լերկ, խորթ, խռով, հավասար, աշխետ, մունջ, որձ, հատուկ, որբ, ունայն, փուչ, լի, կույր, կաղ, մերկ, տկլոր, չբեր, ստերջ, այրի, հղի, բոբիկ և այլն։
  • Որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են փոքրացուցիչ-փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ածականներ, օրինակ` փոքր-փոքրիկ, լուռ-լռին և այլն։
  • Որակական ածականներից -ություն ածանցով կազմվում են գոյականներ, օրինակ` մաքուր-մաքրություն, համառ-համառություն, քաղցր-քաղցրություն և այլն։
  • Որակական ածականները սովորաբար ունեն հականիշներ, օրինակ` բարձր-ցածր, հեռու-մոտ, հաստ-բարակ և այլն։
  • Որակական ու հարաբերական ածականները տարբերվում են նաև շարահյուսական կիրառությամբ։ Որակական ածականների մի զգալի մասը կարող է գործածվել բայերի հետ` հանդես գալով որպես պարագա, օրինակ` գաղտնի մոտենալ, հստակ երևալ և այլն։
  • Որակական ածականներն ըստ կազմության կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ ածանցավոր կամ բարդ, այնինչ հարաբերական ածականները պարզ լինել չեն կարող. վերջիններս ունենում են միայն բաղադրյալ կազմություն, օրինակ` ամառային, քաղաքային, ծովափնյա, գիշերային, ոսկե, աղեղնավոր և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. В. Виноградов, Русский язык, М.-Л., 1947, էջ 24։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 128-131։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։