Ոռոգելի երկրագործություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ոռոգելի երկրագործություն, ջրովի երկրագործություն, գյուղատնտեսական բույսերի մշակումը ոռոգման պայմաններում, ինտենսիվ երկրագործության ձև։ Ձևավորվել է դեռես նեոլիթի ժամանակաշրջանում։ Ընդգրկում է անապատային, կիսաանապատային և չորային գոտիները (օրինակ, Միջագետք, Եգիպտոս են, Միջին Ասիա, Անդրկովկաս, Հարավային Սիբիր), ինչպես նաև վեգետացիայի տարբեր փուլերում անբավարար խոնավություն ունեցող շրջանները։ Ոռոգման խոշոր համակարգեր (ջրանցքներ, ամբարտակներ և այլն) ստեղծվել են ստրկատիրական հասարակարգի ժամանակներում, դրանք ընդարձակվել և կատարելագործվել են հետագայում և հատկապես XX դարում։ Ոռոգելի երկրագործության պայմաններում գյուղատնտեսական բույսեր աճեցնելու համար ստեղծում են ոռոգման համակարգեր (տես Ոռոգում), ցանքերի կառուցվածքը խիստ մասնագիտացնում են ըստ մշակվող հիմնական բույսի, կիրառվում են ցանքաշրջանառության համապատասխան ձևեր։ Ջրվող բույսերի մշակության տեխնոլոգիայում կարևոր են ոռոգման ճիշտ նորման (1 հեկտար դաշտին միանվագ տրվող ջրի քանակը), ժամկետները և ոռոգման նորման (1 հեկտարին տրվող ջրի քանակը վեգետացիայի ընթացքում)։ Դրանք կախված են կլիմայական և հողային պայմաններից, մշակվող բույսի տեսակից, սորտից և այլն։ Ջրման արդյունավետության համար կարևոր է նաև ոռոգման համակարգի ձևերի (մարգեր, ակոսներ, անձրևացում, կաթիլային եղանակ և այլն) կիրառումը։ Ոռոգելի երկրագործության ժամանակ պարտադիր է հողի հիմնական (կապիտալ) և ընթացիկ (շահագործական) պլանավորումը, ցելը (30–35 սմ), նախացանքային մշակումը, ետհնձյա ցանքը, կրկնացան, խոզանացան, ոռոգման համակարգերի ստեղծումը։ Բացի այդ, ըստ հողի մեխանիկական կազմի և դաշտի թեքության պետք է ճիշտ սահմանել ջրման տեխնիկայի տարրերի չափը (ջրի շիթի մեծությունը, ակոսների երկարությունը, լայնությունը, խորությունը)։ Ոռոգելի երկրագործությունում ստեղծվում են նպաստավոր պայմաններ պարարտանյութերի արդյունավետության բարձրացման համար։ Ջրելու ժամանակ բույսերն ավելի արագ և լրիվ են յուրացնում պարարտանյութերը, որովհետև ջուրը բարձրացնում է հողի կենսաբանական պրոցեսների և քիմիական փոխարկումների ակտիվությունը։ Սննդանյութերի արագ կլանմանը նպաստում է նաև ջրվող բույսերի հզոր արմատային համակարգի և վերերկրյա օրգանների զարգացումը։ Հանքային պարարտանյութերի չափաքանակը մեծացվում է (սովորաբար 30–50%) ըստ ոռոգման նորմայի։ Ոռոգելի երկրագործության համար առանձնահատուկ են հողի մշակման ու մոլախոտերի դեմ պայքարելու համակարգերի, ոռոգման հետևանքով առաջացող էրոզիայի, ճահճացման և աղակալման դեմ միջոցառումների կիրառումը։ Հայկական լեռնաշխարհում ոռոգելի երկրագործությունը զարգացած է եղել դեռես մեր թվարկությունից առաջ IX–VIII դարերում։ Մեծ թափով զարգացել է խորհրդային շրջանում։ 1913 թվականին ոռոգելի հողատարածությունը եղել է 96 հազար հեկտար, 1920 թվականին՝ 60 հազար, 1980 թվականին՝ 282 հազար հեկտար։
Հայաստանում ոռոգելի երկրագործության հիմնական շրջաններն են․ Արարատյան դաշտը, նախալեռնային, Շիրակի, Զանգեզուրի, Վայքի, որոշ չափով՝ մնացած գոտիները։ Մշակվում են կերային, հացահատիկային, բանջարաբոստանային, պտղատու, տեխնիկական կուլտուրաներ (խորդենի, ծխախոտ, ճակնդեղ), խաղող։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |