Jump to content

Շատիվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատիվանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունգյուղ Շատին, Վայոց ձորի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Shativank Վիքիպահեստում
shativank

Շատիվանք, Շատիկ անապատ, Հայաստանի Վայոց ձորի մարզի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր։ Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը՝

...Սմբատ իշխանի, նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակի աջակցությամբ։ Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի՝ տաշած վեմերով, զարդարում զանազան երանգներով գեղեցիկ նկարներով։

Ըստ պատմիչի՝ վանքը եղել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»։ Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերում բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ։ 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև 17-րդ դարի կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել։

Ներկայիս եկեղեցին՝ երկու զույգ T-աձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկը, կառուցվել է սրբատաշ բազալտ քարերով 1655 թվականին և կոչվել Ս. Սիոն։ Մեկենասը նախկին վաճառական Հակոբ Ջուղայեցին է, ում անունով մարմարե խաչքար է ագուցված Ս. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում։ Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է Շատին վանքի միաբան՝ իր միջոցները ի նպաստ դնելով կրոնական կենտրոնի ընդարձակման և բարգավաճման գործին։ 17-րդ դարի 2-րդ կեսին վանքի միաբանությունը որոշել է այն վերահաստատել որպես անապատ։ Բայց չունենալով համապատասխան կանոնադրություն, ըստ 17-րդ դարի պատմիչ Զաքարիա Սարկավագի, դիմել է Հովհաննավանքի եպիսկոպոս Հովհաննեսի օգնությանը, որը մինչ այդ յոթ տարի անցկացրել էր Լիմ անապատում և քաջ ծանոթ էր անապատական կյանքի առանձնահատկություններին։ Վերափոխումից հետո Շատին վանքը կոչվել է Շատիկ անապատ և հետագայում հիշատակվում է այս երկու անուններով։

Վանքի մոտավորապես ուղղանկյուն հատակագծով, հարավից երեք կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպները, դրանց կից բնակելի սենյակները, սեղանատունը (այժմ՝ քանդված) կառուցել է Մովսես վարդապետը 1655–1668 թվականներին, իսկ պարիսպներից դուրս գտնվող գոմը և ախոռը՝ Անտոն վարդապետը՝ 1749 թվականին։

Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ունեցել 90 միաբան։ Նրա տնտեսական հզորության վկայությունն են արտադրական (ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը։ Վանքի բարգավաճմանը նպաստել են նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի ու Գողթն գավառի հետ։ Շատին վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն, և այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, որի գրչին է պատկանում ձեռագրերի մի մասը։ Շատին վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում Հակոբ Ջուղայեցու ունեցած մեծ վաստակի աննախադեպ գնահատականն է դեռ կենդանության օրոք՝ 1661 թվականին նրա պատվին կանգնեցված խաչքարը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002։
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
  • Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 1–3, Վաղ-պատ, 1870։
  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:
  • Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատ. 2002. էջ 819.