Շագանակագույն հողեր
Շագանակագույն հողեր, չոր տափաստանային հողերի տիպ։ Տարածված են Մոնղոլիայում, Հյուսիսային Չինաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ղազախստանում, և այլն։ Շագանակագույն հողերը ձևավորվել են խիստ ցամաքային և չորային կլիմայական պայմաններում։ Շագանակագույն հողերի տարածման գոտուն յուրահատուկ է արդյունավետ խոնավության անբավարար քանակը, չլվացվող ջրային ռեժիմը։ Հողառաջացնող ապարները կարբոնատային նստվածքներն են, որոնցում գերակշռում են լյոսանման կավավազները, լյոսերը, կարբոնատային ավազները, ավազակավերը, ալյուվիալ բերվածքները, իսկ լեռնային երկրներում՝ հրաբխային և նստվածքային ապարների հողմահարումից առաջացած էլյուվիալ, էլյուվիալ-դե- լյուվիալ և դելյուվիալ խճով և կարբոնատներով հարուստ կավավազները և ավազակավերը։
Շագանակագույն հողերը պարունակում են մեծ մասամբ գիպս (հատկապես պրոֆիլի ստորին շերտերում) և կարբոնատներ։ Կլանող կոմպլեքսը հագեցված է հողալկալիական մետաղներով՝ կալցիումով (70-80%) և մագնեզիումով (15-30%)։ Շագանակագույն հողերի զգալի մասն ալկալիացած է։ Չալկալիացած հողերում ջրալույծ աղերի քանակը չի անցնում 0,2-0,3%-ից, ալկալիացած հողերի վերին հորիզոններում հասնում է 0,2-0,3, իսկ ստորին հորիզոններում (120-170 սմ) 0,5-2%-ը։ Ըստ հումուսի քանակի և կազմի, աղային պրոֆիլի, կարբոնատների, գիպսի, դյուրալույծ աղերի պարունակության շագանակագույն հողերը բաժանվում են 3 ենթատիպի՝ մուգ շագանակագույն, շագանակագույն և բաց շագանակագույն։Հումուսի պարունակությունը կախված է մեխ․ կազմից, մուգ շագանակագույն, կավային և կավավազային հողերում 3,5-4,5% է, թեթև կավավազային և ավազակավային հողերում՝ 2,5-3%, տիպիկ շագանակագույն հողերում համապատասխանաբար՝ 2,5-3,5 և 2,0-2,5%, բաց շագանակագույն հողերում՝ 1,5-2,5% և 1,2-1,8%։ Շագանակագույն հողերը, ունեն չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա (pH 7,0-7,5)։ Ըստ մեխ․ կազմի լինում են ծանր, միջին և թեթև կավավազային, ավազակավային և ավազային։
ՀՀ-ում շագանակագույն հողերը (333 հզ․ հա կամ հանրապետության ընդհանուր տարածքի 11,2%) զբաղեցնում են Արարատյան գոգահովտի և Արփա ու Որոտան գետերի միջին հոսանքին հարող շրջանների՝ ծովի մակերևույթից 1250-1700 մ բարձրության վրա գտնվող բլրաթմբային թեք հարթությունները։ Ձևավորվել են էլյուվիալ, էլ-յուվիալ-դելյուվիալ և դելյուվիալ խճերով հարուստ կարբոնատային կավավազների և ավազակ ավեր ի վրա։ ՀՀ-ում շագանակգույն հողերը բնութագրվում են հումուսային հորիզոնների ոչ մեծ հզորությամբ (30-60 սմ), զգալի կարբոնատայնությամբ, որը նպաստում է կարբոնատային ցեմենտացած հորիզոնի առաջացմանը, ինչպես մակերեսային, այնպես էլ խորքային քարքարոտությամբ։ Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է շագանակագույն հողերի մոտ 50% (վարելահողեր՝ 22%, բազմամյա տնկարկներ՝ 3,8%, խոտհարքներ՝ 0,7% և արոտավայրեր 13,7%)։ Շագանակագույն հողերիի գոտում մշակվում են հացահատիկային (ցորեն), կերային (առվույտ, կորնգան), տեխ․ (ծխախոտ) կուլտուրաներ։ Զարգացած է նաև խաղողագործությունը և այգեգործությունը։ Մշակությունը կատարվում է բացառապես ջրովի պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 411)։ |