Jump to content

Նմանականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նմանականացում կամ անալոգիա (հին հունարեն՝ ἀναλογία, համամասնություն, համապատասխանություն, համաչափություն), մոտավոր ճշմարիտ և հավանական գիտելիք-եզրակացություն կառուցվածքային կամ այլ հատկանիշներով տարբեր առարկաների ու երևույթների նմանության, հատկապես էական հատկանիշների համընկնման հիմքի վրա[1]։

Երբ մենք խորազննին դիտում ենք մարդու կողմից ստեղծված «արհեստական բնության» առարկաները, ապա տեսնում ենք նմանություններ բնության կուսական առարկաների ու երևույթների հետ։ Ամենամոտ օրինակը ինքնաթիռի օրինակն է, որը պատճենահանել է թռչունների թռիչքը։ Այս պրոցեսում մեծ դեր է խաղացել նմանականացումը[1]։

Նմանությունը հիմնավոր է, երբ այն վերաբերում է դրանց շարժման օրինաչափություններին, ներքին կապերին ու փոխազդեցոությանը։ Ճանաչողության պրոցեսում անալոգիաների միջոցով ստեղծված եզրակացությունները ընկած են գիտական վարկածների ու կռահումների հիմքում։ Նմանականության իմացաբանական դերը բացառիկ է նաև մարդկանց պրակտիկ-առօրյա կյանքում, երբ դիտարկումների ու առօրյա փորձի շնորհիվ ձևավորում է նրանց զանգվածային ստեղծագործական միտքը։ Նմանականությունը հանգեցնում է անհայտ առարկաների մտովի մոդելավորման, որը միջոց է բնօրինակի հատկություններն ու կառուցվածքային ձևերը կրկնօրինակելու համար[1]։

Նմանականացումը հենվում է համեմատության և համադրության վրա։ Համեմատությունը պարզում է առարկաների նմանությունն ու տարբերությունը։ Համեմատության հիմքի վրա առաջացել է պատմահամեմատական մեթոդը, որը հենվելով հասարակական երևույթների կրկնելիության ու նմանության վրա, օգնում է բացահայտելու դրանց զարգացման օրինաչափությունները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ս.Մ.Հակոբյան, Փիլիսոփայության հիմունքներ, Երևան, 1994թ., էջ 206։