Պրակտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պրակտիկա (լատ.՝ πράξις, գործունեություն), մարդու և հասարակական կեցության ծագման և ձևավորման պատճառ, գոյության հիմք և ձևերից մեկը, մարդու գիտակից գործունեություն։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության էվոլուցիայի հետևանքով առաջանում է կեցության մի յուրահատուկ բնագավառ՝ մարդկային հասարակությունը, որը կոչվում է հասարակական կեցություն։ Պրակտիկան մարդու և հասարակական կեցության ծագման և ձևավորման պատճառն է, գոյության հիմքը և ձևերից մեկը։

Իսկ ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանուց։ Նախ, զգայական-առարկայական վերափոխիչ գործունեությունը, և երկրորդ, այդ հիմքի վրա նրա հոգևոր-իմացական գործունեությունը։Այսինքն մարդը բնության հետ իր հարաբերությունները կառուցում է նրա վրա ակտիվ, ներգործող հարաբերությունների ձևով և ընդունակ է գիտակցության միջոցով ճանաչել այն։ Հենց դրանց շնորհիվ մարդը ոչ միայն հարմարվում է բնությանը, այլև վերափոխում է այն ՝ ապահովելու իր գոյությունն ու գործառությունը։ Հենց այդ գործունեության շնորհիվ է մարդը ստեղծում բնության կեցության նոր ձևը` նյութական և հոգևոր մշակույթի յուրահատուկ աշխարհը՝ իր «երկրորդ» բնությունը, իր գոյության նոր պայմանները։ Հետևաբար այն՝ ինչ արմատապես տարբերում է մարդուն կենդանուց և հակադրում նրան, մարդու կողմից ստեղծած արհեստական միջավայրի և գոյության պայմանների միասնական համակարգն է։

Պրակտիկան, որպես փիլիսոփայական կատեգորիա, արտացոլում է հենց այդ համակարգը՝ մասնավորապես դրա ստեղծած պրոցեսը։ Այս իմաստով է, որ պրակտիկան սահմանվում է, որպես մարդկանց զգայական-առարկայական վերափոխիչ արտադրական գործունեություն։ Այն ոչ միայն արտադրական գործունեություն է , այլև նպատակադիր, քանի որ մարդը այդ գործունեության միջոցով իրականացնում է իր գիտակցական նպատակը, և ճանաչողական գործունեություն է, որովհետև բնության վերափոխման համար անհրաժեշտ է դրա իմացությունը։

Պրակտիկայի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրակտիկայի հիմնական ձևը մարդ-բնություն հարաբերությունների համակարգն է, որի միջոցով մարդիկ ակտիվորեն կապվում են բնության հետ, վերամշակում են բնության առարկաներն իրենց նյութական պահանջմունքներին համապատասխան՝ ստեղծվելով գոյության իրենց նյութական միջոցները։ Այսպիսի գործունեությունը կոչվում է նյութական-արտադրական նպատակադիր-վերափոքիչ գործունեություն։
  • Պրակտիկայի երկրորդ ձևը ընդգրկում է մարդկանց սոցիալ-քաղաքական գործունեությունը՝ նրանց հասարակական հարաբերությունների այն բնագավառը, որտեղ ընթանում է հենց իր՝ մարդու վերափոխումն ու զարգացումը։ Մարդը հասարակական էակ է, նրա էությունը իրենից դուրս է, այն հասարակական հարաբերությունների մեջ է, որոնցով նա կապված է մյուսների հետ և որոնց շնորհիվ համատեղ, միասին կերտում են իրենց կեցությունն ու պատմությունը։ Այս հանգամանքի գիտակցումը կարևոր և սկզբունքային է այն տեսանկյունից, որ նյութական-արտադրական նպատակադիր գործունեությունը անհնար է առանց մարդկանց համատեղ գործունեության։
  • Պրակտիկայի երրորդ ձևը մարդկանց հոգևոր իմացական և գիտական-ստեղծագործական գործունեությունն է։ Մարդկային գիտակցության ծագումը և այդ հիմքի վրա մարդկանց ճանաչողական-ստեղծագործական գործունեությունը, անջատվելով նյութական արտադրությունից, դառնում է առանձին բնագավառ, որի շնորհիվ մարդիկ «արտադրում» են գաղափարներ ու գիտելիքներ, տեսությունների ու հոգևոր արժեքների այլ տարրեր։

Պրակտիկայի գոյության և դրսևորման այս երեք հիմնական ձևորը գոյություն չունեն առանձին-առանձին, հաջորդական և ինքնուրույն ձևով։ Դրանք մարդու հասարակական կեցության անբաժանելի միասնական տարրերն են, ծագում են միաժամանակ, գործառնում են միասին փոխադրաբար ենթադրում ու պայմանավորվում են միմյանց։

Որպես ճշմարտության չափանիշ, պրակտիկան ոչ միայն գիտելիքների օգտագործման ու կիրառման ոլորտն է, այլև դրանց ճշմարտացիության ստուգման ու հաստատման հիմնական միջոցը։ Պրակտիկան է այն չափանիշը, որով ստուգվում ու որոշվում է մտքի բովանդակության՝ իրականությանը համապատասխանության աստիճանը։

Պրակտիկայի սուբյեկտը և դրա կերտողը մարդն է։ Մարդու գիտակցական գործունեությունից դուրս չկա և չի կարող լինել ոչ նյութական արտադրական և ոչ էլ հոգևոր գործունեության։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]