Համադրություն
Համադրություն, տրամաբանության մեջ՝ տարրերի (մասերի, կողմերի, հատկությունների, հարաբերությունների) մտովի միավորումը մի ամբողջության մեջ։ Հակադիր է վերլուծությանը, որի հետ օրգանապես կապված է ճանաչողության պրոցեսում։ Վերլուծության և համադրության կարողությունները ձևավորվում են միասնաբար՝ մասնաբաժանման և մասերի միացման առարկայական գործողությունների հիման վրա։ Համադրությունը տարրերի մեխանիկական միակցում չէ, այլ համակցում որոշակի սկզբունքով։ Յուրաքանչյուր հասկացություն, այլ մտավոր գործողություններից բացի, նաև համադրության արդյունք է. օբյեկտների վերլուծությամբ առանձնացված հատկությունները գնահատվում են որևէ տեսակետից, ոչ էական հատկությունները մի կողմ են թողնվում, և էական հատկությունների համադրմամբ կազմավորվում է հասկացությունը։ Իմացության զարգացման ընթացքում համադրության են ենթարկվում տարբեր մակարդակի իրողություններ՝ կոնկրետ օբյեկտների առանձին կողմերից սկսած մինչև ամբողջ տեսություններ և գիտության ամբողջ բնագավառներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 87)։ |