Նիկիական հանգանակ կամ «Նիկիո հավատի հանգանակ», Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփում, որն ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի ժամանակ։ Ժողովը գումարվել է 325 թվականին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին։ Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ։ Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն էր Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը։ Արիոսը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը։ Միակ անծնունդը, հավիտենականը և անսկիզբը Հայր Աստվածն է։ Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված։ Դա Հայր Աստվածն է։ Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն։ Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ՝ ոչնչից։ Կար ժամանակ, երբ Որդին չկար։ Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները։ Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը։ Այլ խոսքով Որդին չի եղել, այլ առաջացել է, այսինքն արարած է։ Նրա համար Հիսուսը պարզապես գերմարդկային մի արարած էր։
Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները։ Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին։ Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է։
Հանգանակի վերջին բառը՝ «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու պատարագում ասվում է Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո։
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։
Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին։ և մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե՝ արարած։ Նույն ինքը՝ Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա՝ երևելիներն ու անևերույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց ու մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով։ Որով՝ ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին։ Նրա թագավորությունը չունի վախճան։ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով։ Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։ Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի։
Իսկ որք ասեն՝ էր երբէմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն՝ յորժամ ո՛չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ և կամ զսուրբ Հոգին. և թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ և առաքելական սուրբ Եկեղեցի։
Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիններին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն և միոյ Աստուածութեանն՝ Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
Իսկ մենք փառավորենք Նրան, Ով հավիտյաններից առաջ է, երկրպագելով Սուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։