* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 24.07.2017:
Նարեկ Սամվելի Բեգլարյան (սեպտեմբերի 1, 1985(1985-09-01)[1], Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Պատանեկան տարիքից հանդես է եկել «Միկա» ակումբում։ Նորամուտը նշել է 2005 թվականին։ Հետագայում տեղ է գրավել հիմնական կազմում և մի քանի տարի եղել թիմի անփոխարինելի խաղացող։ 2012 թվականի հունվարից մինչև հունիսի վերջը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել Սլովակիայի «Տատրան» ակումբում։
Նարեկ Բեգլարյանը «Միկա» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ակումբի հիմնական թիմի կազմում իր նորամուտը կատարել է քսան տարեկանում՝ 2005 թվականի հուլիսի 9-ին մասնակցելով 9-րդ տուրի՝ «Դինամո-Զենիթ» ակումբի դեմ խաղին։ Հանդիպման 64-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Շևչենկոյին՝ Նարեկ Բեգլարյանը խաղի ավարտից երկու րոպե առաջ գրավել է Էդուարդ Երիցյանի պաշտպանած դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։ Այդ մրցաշրջանում նա դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր և նվաճել Հայաստանի գավաթը, բայց եզրափակիչ խաղին չի մասնակցել։ Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը «Միկայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։ Գավաթի խաղարկությունում նույնպես Բեգլարյանը դարձել է հաղթող, բայց խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով[2]։ 2007 թվականին մասնակցել է 15 խաղի, իսկ 2008 թվականին գրավել է հիմնական տեղը հարձակման գծի հիմնական։ Այդ տարի Բեգլարյանը դարձել է ակումբի լավագույն ռմբարկու՝ խփելով ութ գոլ[3]։ 2010 թվականի առաջնության ավարտից հետո ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[4]։ 2011 թվականի առաջնության առաջին տուրում անցկացրել է իր 100-րդ հանդիպումը Պրեմիեր լիգայում[5]։ Գավաթի խաղարկությունում Բեգլարյանը ճանաչվել է հաղթող և դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գոլ[6]։
Հետագայում լուր է տարածվել, որ Բեգլարյանը ցանկանում է հանդես գալ Եվրոպայի արտասահմանյան առաջնությունում։ Խաղացողին ձեռք բերելու առաջարկ է ստացվել Սլովակիայի Պրեշով քաղաքի «Տատրան» ակումբից։ Ակումբների միջև կնքվել է վարձավճարային պայմանագիր վեց ամսով[7]։ 2012 թվականի հունվարի 25-ի Նարեկ Բեգլարյանը պաշտոնապես դարձել է «Տատրանի» խաղացող։ Թիմում իր նորամուտը նշել է մարտի 3-ին՝ առաջնության՝ «Կոշիցե» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Դևիդ Գուբային, երբ խաղի հաշիվն էր 0։1 հօգուտ հակառակորդի։ Ապրիլի 3 -ին տեղի է ունեցել վերջին խաղը, որին մասնակցել է Բեգլարյանը․ դրանից հետո նա խաղերի հայտացուցակում չի ընդգրկվել աշխատանքային վիզայի հետ կապված խնդիրների պատճառով[8]։ Ակումբի ղեկավարությունն այդ հարցը չի լուծել, և վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 30-ին, Բեգլարյանը վերադարձել է «Միկա»։
Սլովակիյից վերադառնալուց հետո Բեգլարյանն իր արձակուրդն անցկացրել է Հայաստանում։ Նրա հետ միաժամանակ վերադարձել է նաև Ալեքսանդր Թադևոսյանը։ Այդ երկու ֆուտբոլիստներն իրենց մարզումներն անցկացրել են «Միկայի» հետ։ Սկզբում պարզ չի եղել, թե որտեղ են շարունակելու իրենց կարիերան նրանք, բայց քանի որ նրանք պայմանագիր ունեին «Միկայի» հետ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը[9][10], շարունակել են իրենց ելույթները թիմի կազմում։