Jump to content

Մերձմոսկովյան ածխային ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերձմոսկովյան ածխային ավազան
Տեսակcoal basin?
Երկիր Ռուսաստան
Քարտեզ
Քարտեզ

Մերձմոսկովյան ածխային ավազան (ռուս.՝ Подмосковный угольный бассейн), գորշ ածխի ավազան Ռուսաստանի Դաշնությունում։ Զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Կալինինոյի, Սմոլենսկի, Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի և Ռյազանի մարզերի տարածքի մի մասը։ Հանույթը հիմնականում կենտրոնացված է Տուլայի մարզում։ Ածխաբեր նստվածքների մակերեսը (մինչև 200 մ խորությունը) հասնում է մոտ 120 հզ․ Կմ2, աղեղնաձև գոտու լայնությունը՝ 80-100 Կմ։ Ածուխների ընդհանուր պաշարը՝ 11, 8 միլիարդ տ, որից հետախուզված է 5, 3 միլիարդ տ։ Հանքավայրերը հայտնաբերված են 1772 թվականին, սիստեմատիկ հանույթը սկսվել է 1855 թվականին։ Մերձմոսկովյան ածխային ավազանը գտնվում է Արևելա-Եվրոպական պլատֆորմի Մոսկովյան սինեկլիզի հարավային և արևմտյան մասերում։ Ստորին կարբոնի հասակի ածխաբեր ավազա-կավային հաստվածքն ունի մոտ 50 մ հզորություն։ Այն պարունակում է ածուխների մինչև 14 շերտ, որոնցից շահագործվում է սովորաբար մեկը, սակավ՝ երկուսը՝ 1, 5-3 մ հզորությամբ։ Ածուխները գորշ են, մեծ մասամբ հումուսային, բարձր մոխրայնությամբ և ծծմբի զգալի պարունակությամբ։ Այրվող զանգվածի ջերմությունը 28, 2 Մջ/կգ (6750 կկալ/կգ) է։ Հանքավայրերը շահագործվում են գլխավորապես ստորգետնյա եղանակով (ածուխների տարեկան արդյունահանման մոտ 90%)։

Ածուխներն օգտագործվում են Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական մարզերի խոշոր ՊՇԷԿ-ներում և ՋԷԿ-երում, ցեմենտի, քիմիական, մեքենաշինական արդյունաբերության մեջ և կենցաղային կարիքների համար։ Բացի ածխից, Մերձմոսկովյան ածխային ավազանում արդյունահանվում են քարաղ, գիպս, հրակայուն կավեր, բոքսիտներ, երկաթի հանքաքար, ֆոսֆորիտներ, շինարարական ավազ։

Մերձմոսկովյան ածխային ավազանի քարտեզ (19-րդ դար)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 497