Մարմնի ջերմաստիճան
Մարմնի ջերմաստիճան, բժշկության մեջ, մարդու և կենդանիների օրգանիզմի ջերմային վիճակի ցուցանիշն է, որը տարբեր օրգանների և հյուսվածքների ջերմարտադրության, դրանց ու արտաքին միջավայրի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է։
Մարդու և տաքարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը պահպանվում է ջերմակարգավորման հատուկ մեխանիզմներով և տատանվում է 36-39 ցելսուսի սահմաններում։ Մարդկանց մարմնի ջերմաստիճանը մաշկի այն հատվածներում, որոնք բաց են և շփվում են օդի հետ (դեմք, ձեռքեր, ականջներ), ավելի ցածր է։ Օրվա ընթացքում լինում են ջերմաստիճանային ֆիզիոլոգիական տատանումներ, մարդու համար վաղ առավոտի և երեկոյի միջև տատանումը 0,5-1,0 ցելսուս է։ Ներքին օրգանների, մկանների և մաշկի միջև ջերմաստիճանային տարբերությունը կարող է լինել 5-10 ցելսուս, որը դժվարացնում է միջին ջերմաստիճանի որոշումը՝ ամբողջ օրգանիզմի ջերմային վիճակը պարզելու համար։ Սովորաբար չափում են անութային շրջանի, ուղիղ աղիքի, բերանի խոռոչի, ականջի արտաքին անցուղոլ ջերմաստիճանը, որը միևնույն արժեքն ունի։ Բնականոն պայմաններում մարդու անութային ծալքում ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 36-37 °C սահմաններում։ Սառնարյուն կենդանիների ջերմաստիճանն անկայուն է, քիչ է տարբերվում շրջապատի ջերմաստիճանից։ Ջերմաստիճան մարմնի բարձրացումը (հիպերթերմիա) կամ իջեցումը (հիպոթերմիա) մի քանի աստիճանով, պատճառ է դառնում կենսագործունեության պրոցեսների խանգարման և կարող է հանգեցնել ցրտահարության կամ ջերմահարության, երբեմն՝ նույնիսկ մահվան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |