Jump to content

Մարիա Դամանակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Դամանակի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1952(1952-05-31) (72 տարեկան)
ԾննդավայրԱյոս Նիկոլաոս (Լեսիթիոն)
Քաղաքացիություն Հունաստան
Ազգությունհույն
ԿրթությունԱթենքի ճարտարագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարագետ
ԱմուսինՅորգոս Կիմուլիս
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի խորհրդարանի անդամ, Ծովային և ձկնորսության հարցերով Եվրոպական միության հանձնակատար, կուսակցության առաջնորդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԿուսակցությունՀամահունական սոցիալիստական շարժում, Սինասպիզմոս և Հունաստանի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
 Maria Damanaki Վիքիպահեստում

Մարիա Դամանակի (հուն․՝ Μαρία Δαμανάκη, մայիսի 31, 1952(1952-05-31), Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)), հույն քաղաքական գործիչ, ձախակողմյան Սինասպիզմոս կուսակցության նախկին առաջին ղեկավար, Հունաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Համահունական սոցիալիստական շարժում (ՊԱՍՈԿ) կուսակցությունից, ծովային և ձկնորսության հարցերով եվրոպական հանձնակատար։

Նաև եղել է The Nature Conservancy բնապահպանական կազմակերպության` օվկիանոսների հարցերով գլոբալ գործադիր տնօրեն[1]։ Այս պաշտոնում նա գլխավորել է համաշխարհային թիմը, որը զբաղվում էր օվկիանոսներում մարդկային գործունեության գլոբալ կառավարման հարցրեով, ներառյալ` ձկնաբուծության կայուն վերահսկում, կորալային խութերի և այլ էկոհամակարգերի լայնածավալ պաշտպանություն ու վերականգնում, ափամերձ տարածքների կայունություն, ինչպես նաև մարդկության համար Համաշխարհային օվկիանոսների ընդհանուր արժեքի քարտեզագրում և քանակական գնահատում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամանակին ծնվել է Կրետեի Այոս Նիկոլաոս քաղաքում 1952 թվականին և սովորել է քիմիական ճարտարագիտություն Հունաստանի ազգային տեխնիկական համալսարանում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին Դամանակին դարձել է «Հունաստանի կոմունիստական երիտասարդության»՝ Հունաստանի կոմունիստական կուսակցության (KKE) երիտասարդական կազմակերպության անդամ։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել հակաբռնապետական պայքարին, այդ թվում՝ անմիջականորեն մասնակցելով Հունաստանի պոլիտեխնիկական համալսարանի հայտնի ապստամբությանը։ Դամանակին «Εδώ Πολυτεχνείο» («Սա պոլիտեխնիկական համալսարանն է») ռադիոյի ձայնն էր, որի միջոցով ապստամբ ուսանողները հույն քաղաքացիներին կոչ էին անում աջակցել իրենց ելույթին։ Նրան ձերբակալել և խոշտանգել է սև գնդապետների ռեժիմը[2]։

Խորհրդարանի պատգամավոր (1977-1993)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խունտայի տապալումից և ժողովրդավարությանն անցնելուց հետո Դամանակին դարձել է ամենաճանաչված երիտասարդ ձախ քաղաքական գործիչներից մեկը։ 1977-1993 թվականներին նա հաջորդաբար ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր սկզբում Կոմունիստական, այնուհետև Սինասպիզմոս կուսակցությունից՝ նոր ձախ կոալիցիայից, իսկ հետո՝ միացյալ կուսակցությունից, որի նախագահն է դարձել 1991 թվականին։ Սա նրան դարձրեց Հունաստանում կուսակցություն ղեկավարած առաջին կինը, ինչպես նաև առաջին կինը, որը 1986 թվականին ընտրվեց խորհրդարանի փոխխոսնակ[3]։

Դամանակին երկու անգամ առաջադրվել է որպես Աթենքի քաղաքապետի թեկնածու՝ 1994 թվականին Սինասպիզմոսից, իսկ 1998 թվականին՝ Սինասպիզմոսի և ՊԱՍՈԿ-ի աջակցությամբ։ Երկրորդ ընտրություններում նա երկրորդն էր՝ պարտվելով պահպանողական Նոր ժողովրդավարություն կուսակցության աջակցությունը վայելող Դիմիտրիս Ավրամոպուլոսին[4]։

1993 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մի քանի հազար ձայն չբավականացրեց Սինասպիզմոսին խորհրդարան մտնելու համար, Մարիա Դամանակին հրաժարական տվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Երբ Ձախերի արմատական կոալիցիայի ձևավորման նպատակով Սինասպիզմոսը սկսեց մերձեցումը փոքր ձախակողմյան կուսակցությունների հետ, նախաձեռնության հաջողությանը չհավատացող Դամանակին տեղափոխվեց սոցիալ-դեմոկրատների ավանդական կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում (ՊԱՍՈԿ)։

Եվրահանձնակատար (2010-2014)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին Դամանակին նշանակվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրահանձնաժողովում, իսկ 2009 թվականի նոյեմբերի 27-ին ընտրվել է ծովային և ձկնորսության հարցերով Եվրոպական միության հանձնակատար` պաշտոնավարելով 2010-2014 թվականների ընթացքում։ Եվրահանձնակատարի պաշտոնում նրան հաջողվել է ձկների պոպուլյացիան վերադարձնել առողջ մակարդակի` 2010-2014 թվականին 5 կայուն պաշարներից հասցնելով 27-ի։ Նշվում էր, որ նրա ջանքերը կարող են հանգեցնել ծովում ձկների որսի ավելացմանը 15 միլիոն տոննայով, Եվրոպայում ձկնարդյունաբերության ոլորտում աշխատատեղերի թվի 30 %-ով ավելացմանը և ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք լրացուցիչ եկամտի[5]։ Դամանակին նաև ներդրել և իրականացրել է «Եվրոպայի ծովերի և օվկիանոսների կապույտ աճ» ծրագիրը, որի նպատակն էր մինչև 2020 թվականն ստեղծել 1,6 միլիոն նոր աշխատատեղ և 750 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ափամերձ զբոսաշրջությունը, օվկիանոսային էներգիան և ծովային կենսատեխնոլոգիան[6]։

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամանակին նաև չորս գրքերի հեղինակ է.

  • Իշխանության կանացի դեմքը (հուն․՝ Το θηλυκό πρόσωπο της εξουσίας, 1995),
  • Քաղաքականության վերադարձը (հուն․՝ Η επιστροφή τη Πολιτικής, 2001),
  • Քաղաքականության վերադարձը. եվրոպական հեռանկար (2004),
  • Համալսարանն անցումային փուլում (2006)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Maria Damanaki». Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Council members – European Council on Foreign Relations». ECFR (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «CV - Commissioner Maria Damanaki». ec.europa.eu. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. https://web.archive.org/web/20091130205331/http://www.tanea.gr/default.asp?pid=2&ct=1&artId=4548286
  5. «2010–2014: 5 years and 5 accomplishments I'm most proud of». European Commission. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Blue growth». European Commission. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դամանակի» հոդվածին։