Մատենագիտություն
Մատենագիտություն նշանակում է «մատյանների գիտություն»։ Կազմված է մատենագետ բառից։ Ըստ Հայկազյան բառարանի՝ նշանակում է «գիտակ և հմուտ մատենից»[1]։ Այս իմաստով էլ մատենագետ բառն օգտագործվել է դեռևս V դարում՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ։ Հայ իրականության մեջ մատենագիտությունն իբրև գիտական տերմին գործածական է դարձել սկսած XIX դարի առաջին կեսից՝ վենետիկյան Մխիթարյանների կողմից։ Այն թարգմանությունն է հունարեն բիբլիոգրաֆիա բառից։ Եղել են կարծիքներ, որ ավելի ճիշտ թարգմանությունը ոչ թե մատենագիտությունն է, այլ մատենագրությունը։ Սակայն, քանի որ վերջինս այսօր ունի գրականության, ավելի ճիշտ՝ հայ հին գրականության իմաստ, ուստի շրջանառության մեջ է մնում մատենագիտությունը։
Ընդհանուր դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական մատենագիտությունը ըստ էության ունի երկու ըմբռնում։ Առաջինը դա հունարեն բիբլիոգրաֆիան է, որից և թարգմանվել է հայերեն մատենագիտությունը, երկրորդը բիբլիոլոգիան է, որը ևս հայերեն թարգմանվում է մատենագիտություն, թեև երկուսն էլ իրարից որոշակիորեն տարբերվում են։ Կարևոր են և մատենագիտական այն աշխատանքները, որոնք կոչվում են բիբլիոգրաֆիա, և այն երկերը, որոնք իրականում բիբլոլոգիա են։ Առաջին իմաստով ստեղծվել են պարբերական մամուլի, տպագիր գրքերի և այլ մատենագիտություններ, իսկ երկրորդ առումով՝ բուն գիտական մատենագիտություն։
Մատենագիտությունը լայն իմաստով ամբողջությունն է այն գիտելիքների, որոնք վերաբերում են գրավոր աղբյուրներին և ուսումնասիրություններին։ Այն գիտելիքների, որոնք վերաբերում են գրքերին՝ ըստ բովանդակության։ Մատենագիտությունը գրականության գիտական ուսումնասիրության գիտական կազմակերպումն է որոշակի մեթոդով՝ գիտության զանազան բնագավառների կամ որևէ բնագավառի վերաբերյալ։ Այս տեսակետից էլ մատենագիտությունը գիտության մի յուրահատուկ բնագավառ է՝ կապված գիտության այլ բնագավառների հետ։ Նրա խնդիրն է ցույց տալ գիտությունների, դպրության և արվեստների զարգացման անցյալը, պատկերել ներկա վիճակը։
Մատենագիտական աշխատանքի հիմնական բաղադրիչներն են՝
- Միջնադարում ստեղծված մատենագիտական ժառանգությունը,
- Ձեռագրական հավաքածուների մատենագիտական նկարագրությունը
- Գիտական մատենագիտությունը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մատենագրությունը սկսած V-XVIII դարերից մեզ է ավանդել պատմական, աշխարհագրական, վարքագրական-կենսագրական, փիլիսոփայական, քերականությանն ու հռետորությանը, գրչությանը և բառարանագիտությանը նվիրված, ինչպես նաև կրոնական ու դավանաբանական գրականություն, բառարանագիտություն, տոմարագիտություն, երաժշտություն, քիմիա, բժշկություն, հոգևոր և աշխարհիկ բանաստեղծություն, կանոնական և իրավաբանական գրականություն, խրատաբանություն և առակագրություն և այլ բնագավառների մի հարուստ գանձարան՝ Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Մխիթար Գոշ, Գրիգոր Տաթևացի, Անանիա Շիրակացի, Գրիգոր Մագիստրոս, Սիմեոն Երևանցի, Միքայել Չամչյան և այլք։
V-XVIII դարերում հայ իրականության մեջ ըստ էության այսօրվա ըմբռնմամբ մատենագիտական երկեր չեն ստեղծվել։ Սակայն մատենագրական բազմաթիվ ցանկեր՝ անկանոն գրքերի, հայ մատենագրերի, պատմագիրների, օտար պատմագիրների, կեղեցական մատենագիրների, մեկնիչների, շարականագիրների ցանկերը, տարբեր վանքերին կից եղած գրադարանների (մատենադարանների) գրացուցակները մեծ կարևորությւոն ունեն որպես նախամատենագիտական նմուշներ։
Նկատի ունենալով այն, որ դարերի ընթացքում հազարավոր հայերեն ձեռագրեր են ոչնչացվել, ապա ինչպես նման ցուցակները, այնպես էլ տարբեր հեղինակների հաղորդած տեղեկությունները, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել միջնադարյան հայ երկերի և կատարված թարգմանությունների մասին, այդ թվում նաև այնպիսիների, որոնք չեն պահպանվել։
Հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրության համար բացառիկ կարևոր տեղ են գրավում ձեռագրերի մատենագիտական նկարագրությունները կամ ինչպես ընդունված է ասել՝ ձեռագրացուցակները։ Այս աշխատանքները հայ իրականության մեջ սկսվել են դեռևս XIX դարում, սակայն առավել ընդգրկուն և ավարտուն տեսքի են բերվել վերջին տասնամյակների ընթացքում։ Բացի մատենադարանյան ձեռագրացուցակներից[2], հայտնի են Երուսաղեմի, Վենետիկ և Վիեննա հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բառագիրք Հայկազեան լեզուի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Մայր Ցուցակ Հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Հ. Անասյան, «Հայկական մատենագիտություն. Ե–ԺԸ դդ.», հատոր Ա, Բ, Գ, Երևան, 1959, 1976, 2004։