Հովսեփ Շամամյան
Հովսեփ Շամամյան | |
---|---|
Ծնվել է | 1926 հոկտեմբերի 26 |
Ծննդավայր | նոյեմբերի 21, 2004 (տարիքը 78) |
Մահացել է | նոյեմբերի 21, 2004 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1944) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1960) |
Մասնագիտություն | պարուսույց |
Աշխատավայր | Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ |
Պարգևներ և մրցանակներ |
Հովսեփ Շամամյան (հոկտեմբերի 26, 1926 - նոյեմբերի 21, 2004, Երևան, Հայաստան), պարուսույց։ «Բարեկամություն» պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովսեփ Շամամյանը ծնվել է 1926 թվականին վանեցու ընտանիքում։ 1933-1944 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 13 տարեկան հասակում մասնակցել է Մոսկվայում կայացած Հայաստանի գրականության և արվեստի առաջին տասնօրյակին, որտեղ մեծ թատրոնի բեմի վրա կատարել է պար՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետից։ 1944-1951 թվականներին, որպես կամավոր, ծառայել է սովետական բանակում։ Գնդում իրեն դրսևորել է որպես պարերի հմուտ բեմադրող և լավագույն կատարող։ 1955-1960 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Ավելի քան 1 տարի դասավանդել է ակումբագրադարանային տեխնիկումում, ապա՝ երաժշտական գիշերօթիկ դպրոցում։ 1972-1985 թվականներին մեծածավալ աշխատանք է կատարել Երևանի Սունդուկյանի, Պարոնյանի անվան թատրոնների ստուդիաներում, Պատանի հանդիսատեսի թատրոնում[1]։ Իրականացրել է պարերի բեմադրություններ մի շարք ներկայացումների համար՝
- Արաքսմանյանի «Փիղը պարում է»
- Բեսի «Աղաֆոնը եւ իր փեսաները»
- Ջոջուայի «Երկու օրիորդ»
- Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ»
- Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից»
- Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը»
- Օստրովսկու «Կատաղի փողեր»
Իր անընդմեջ աշխատանքային գործունեության 70 տարիների ընթացքում, որից 30-ը՝ պիոներ-դպրոցականների պալատում, ստեղծել է մի շարք համույթներ՝ «Բարեկամություն» (1964), «Զարթոնք», «Արևիկ», «Ժպիտ», «Երջանիկ մանկություն», «Զորավար Անդրանիկ», «Գարուն», «Երիտասարդություն» և այլն[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարեկամություն» պարային համույթը Հովսեփ Շամամյանի մահից հետո անվանափոխվել է վարպետի անունով՝ Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» մանկապատանեկան համույթ։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
- «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալ
- Սպայի տանը զինվորական պարային համույթ ստեղծելու համար պատվոգիր