Հովհաննես Սերովբեի Չամուռճյան, Պրուսացի, Տեր-Կարապետյան (օգոստոսի 7, 1801(1801-08-07)[1], Բուրսա, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 24, 1888(1888-06-24)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ հրապարակախոս, կրոնական գործիչ, բանասեր, թարգմանիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1817-1819 թվականներին սովորել է Արմաշի վանքում։ Տիրապետել է 12 հին ու նոր լեզուների։ 1819 թվականից դասավանդել է Բուրսայում, զբաղվել թարգմանական աշխատանքով։ 1830 թվականին տեղափոխվել է Կ․ Պոլիս։ 1838-1849 թվականներին (որոշ ընդմիջումով) դասախոսել է Սկյուտարի ճեմարանում, եղել նրա տնօրենը։ 1841-1846 թվականներին գրաբարից աշխարհաբարի է վերածել մի շարք գրքեր։ 1846 թվականին հիմնել և խմբագրել է պատրիարքարանի առաջին պարբերաթերթը՝ «Հայաստան»-ը (մինչև 1848 թվականը՝ Մ․ Աղաթոնի հետ, 1850-1852 թվականներին՝ մենակ)։ 1855-1856 թվականներին լույս է ընծայել «Զոհալ» հայատառ թուրք, հանդեսը․ 1857 թվականից այն թարգմանաբար վերանվանվել է «Երևակ» և տպագրվել հայերենով[2]։ Հանդեսը հիմնականում արծարծել է հոգևոր-կրոնական բնույթի հարցեր։ Լինելով կղերաամիրայական պահպանողական հոսանքի պարագլուխը՝ Չամուռճյանը հանդես է եկել որպես հայ իրականության մեջ ազատասիրական արտահայտությունների մոլեռանդ թշնամի, այդ դիրքերից էլ գործուն մասնակցություն է ունեցել Երուսաղեմի պատրիարքական ընտրությունների առթիվ ծավալված «Ներսեն-Դուրսեն» հայտնի պայքարին։ Չամուռճյանը հակամարտության մեջ է եղել սահմանադրական շարժման կողմնակիցների, մասնավորապես՝ «Մեղու»-ի շուրջը համախմբված հայ գործիչների և Մ․ Նալբանդյանի հետ։ Ամբաստանագրի կշիռ ունեցող Չամուռճյանի հոդվածներին պատասխանել է Մ․ Նալբանդյանը «Երկու տող» պամֆլետում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 664)։