Jump to content

Հնչյունական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնչյունական օրենք, լեզվի զարգացման ընթացքում նրա հնչյունական համակարգում կամ բառի հնչյունական կազմում տեղի ունեցող կանոնավոր փոփոխությունները։ Տարբերում են ընդհանուր պատմական և փոխազդեցական հնչյունափոխություններ։ Պատմական հնչյունափոխությունը տեղի է ունենում բոլոր դեպքերում, որտեղ հանդիպում է համապատասխան հնչյունը՝ ընդգրկելով նույն կարգի բոլոր դեպքերը (օրինակ՝ գրաբարի աւ >օ բոլոր դեպքերում), երկրորդը՝ միայն որոշակի հնչյունական պայմաններում (շեշտի տեղափոխության հետևանքով առաջացող հնչյունափոխություն՝ տեր-տիրոջ)։ Հնչյունական օրենքները գործում են լեզվի զարգացման որոշակի ժամանակաշրջանում, հնչյունական միջավայրում և արեալում (տարածքում)։ Բացառությունները տվյալ հնչյունական օրենքից պայմանավորված են այլ հնչյունական օրենքների կամ օրինաչափությունների ազդեցությամբ։ Հնչյունական օրենքի գաղափարը լեզվաբանության մեջ մտցրել է Ա. Շլայխերը։ Տեսությունն առավել ամբողջական մշակել են երիտքերականների գերմանական դպրոցի ներկայացուցիչները (Հ. Օստհոֆ, Կ. Բրուգման, Կ. Վեռներ և ուրիշներ)։ Պատմական հնչույթաբանության զարգացման շնորհիվ հնչյունական օրենքները մեկնաբանվում են հնչույթի տեսության լույսի տակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 496