Հայրենիքի շքանշան
Հայրենիքի շքանշան - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Շքանշանի կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշանը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Շքանշանով պարգևատրվածները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Հայաստանի ազգային հերոսների ցանկ
Պարգևատրման միջնորդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում։
Կրելու կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ այլ շքանշաններից և մեդալներից առաջ։
Շքանշանի նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 9-ից հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Այն սահմանվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ի հրամանագրով։
Հայրենիքի շքանշանը ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով։ Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին։ Ժապավենի լայնությունը 50 մմ է։
Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից։ Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է։
Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով։ Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր։ Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Կրծքանշանի չափերն են՝ 42մմx42մմ։ Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց։ Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ փայլեցված։ Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են՝ 60մմx21մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։
Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։
Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը։
1993-2014 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թվականների հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի որոշմամբ, ըստ որի Հայրենիքի շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածք, երիզված ութանիստ աստղով։ Աստղի թևերի անկյուններում տեղադրված են բերքատվության խորհրդանիշը կրող զարդեր։ Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Շքանշանի չափերն են՝ 42մմx42մմ։ Շքանշանը պատրաստվում է ոսկուց։ Շրջագիծը, ութանիստ աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ փայլեցված։
Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ամրանում են ժապավենին ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են՝ 60մմx21մմ։ Ժապավենը, որն ավարտվում է թեք եզրագծով, մտնում է ոսկե օղակի մեջ, որից կախվում են ծոպերը։ Ծոպի երկարությունը 10 մմ է։ Ժապավենը ձգվում է մետաղյա թերթիկի վրա, որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։
Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։
Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենային գունային նկարագիրը։
Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
Պարգևատրման վիճակագրությունը և շքանշանի ասպետները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Հայաստանի ազգային հերոսների ցանկ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին, թիվ 50 (1063), 17 սեպտեմբերի, 2014, էջ 10-11.