Հայաստանի մտավոր սեփականության գործակալություն
Հայաստանի մտավոր սեփականության գործակալություն, առանձնացված ստորաբաժանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում, որը ծառայություններ է մատուցում մտավոր սեփականության բնագավառում, իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործողություններ, ապահովում է մտավոր սեփականության բնագավառի կադրերի պատրաստումը, օժանդակում է ՀՀ պետական արտոնագրային հիմնապաշարների համալրմանը, իրականացնում մտավոր սեփականության բնագավառին առնչվող այլ աշխատանքներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգը ձևավորվել է 1992 թվականի հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993 թվականի դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ 2002 թվականի մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվել է Մտավոր սեփականության գործակալությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանում, որի բնագավառի իրավական դաշտը կարգավորվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ՀՀ միջազգային պայմանագրերով[1]։
1993 թվականից Հայաստանը հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1995 թվականից Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ЕАПО) անդամ։ Գործակալությունը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), միջազգային, տարածաշրջանային այլ կառույցների և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործակալությունը յուրաքանչյուր ամիս հայերեն և ռուսերեն լեզուներով լազերային սկավառակներով հրատարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը։
Գործակալությունը հրատարակում է նաև արտոնագրված գյուտերի և օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները։
Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջև «Կոմպակտ սկավառակների վրա արտոնագրային տեղեկատվական տարածաշրջանային համատեղ արտադրանքի թողարկման մասին» Մոսկվայում ստորագրված համաձայնագրի շրջանակներում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվում են գյուտերի մասին մատենագիտական տվյալները։