Jump to content

Կենդանի արմատային կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանի արմատային կամուրջ
Երկիր Հնդկաստան
Կենդանի արմատային կամուրջ

Կենդանի արմատային կամուրջներ, տարածված են Հնդկաստանի արևելյան Մեգհալայա նահանգի Չերապունջի քաղաքի շրջանում և արբոճարտարապետության (բուսաբանական ճարտարապետություն) հնագույն օրինակներից են։ Դրանք ավանդաբար ստեղծում են քհասի և ջանտիա ժողովուրդները[1]՝ կաուչուկաբեր ֆիկուսի օդային արմատներից։ 20-րդ դարում, չկորցնելով իրենց տրանսպորտային նշանակությունը, այս կախովի կամուրջները դարձել են տարածաշրջանի տեսարժանությունը, որը մշտապես գրավում է զբոսաշրջիկներին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի արմատային կամուրջ ձևավորելու համար ֆիկուսի ճկուն կախված արմատներն ուղղվում են հոսքի կամ գետի միջով։ Միևնույն ժամանակ, դեպի մյուս ափ կարող են գցվել հնդկեղեգե ուղղորդիչներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել նորերով։ Եթե օգտագործվում են բետելյան արմավենու (Areca catechu) փորված բներ, որոնց միջով անցկացվում է աճող ֆիկուսի արմատը, ապա դրանք, քայքայվող ծառի սննդանյութերը արմատներին մատակարարելով, խթանում են արմատների ավելի արագ աճը։ Երիտասարդ արմատները հաճախ ոլորում կամ կապում են իրար այնպես, որ դրանք ներաճեն[2][3]։

Կաուչուկաբեր ֆիկուսը լավ հարմարեցված է զառիթափ լանջերին և քարքարոտ մակերեսներին ամրանալու համար․ հասնելով հակառակ ափ, արմատը ներաճում է գետնի մեջ։ Ծառի արմատային համակարգը աճում և շարունակում է զարգանալ գետի մյուս ափին։ Ծառի աճին զուգահեռ արմատները ևս աճում և ամրանում են, դառնում են ավելի հաստ և ուժեղ։ Արևելյան Հնդկաստանի տաք և խոնավ կլիմայական պայմաններում նոր կամուրջ «կառուցելու» համար պահանջվում է մոտ 15 տարի։ Աշխատանքը բավականին աշխատատար է․ կամուրջը ճիշտ ուղղությամբ «աճեցնելու» գործընթացը պահանջում է մշտական հսկողություն և ուշադրություն[4]։

Արևադարձային շրջանների խոնավ կլիմայական պայմաններում արմատային կամրջի հիմնական առավելությունն այն է, որ քանի դեռ ծառը կենդանի է, կամուրջը պաշտպանված է փտումից[5]։ Ավելին, որքան հին է ֆիկուսը, այնքան ամուր է կամուրջը։ Բավականին հին և ամուր կենդանի կամուրջը կարող է դիմանալ մինչև 50 հոգու ծանրաբեռնվածության[6]։ Եթե ծառն առողջ է, ապա նման ինքնավերականգնվող կամրջի ծառայության ժամկետը կարող է հասնել մի քանի հարյուր տարվա[7]։

Կենդանի կամուրջներ ստեղծելու ավանդույթը գալիս է հին ժամանակներից. տեղեկություններ չեն պահպանվել, թե երբ են դրանք սկսել կառուցվել։ Նման կամուրջների մասին եվրոպացիները լսել են 1844 թվականին, երբ շոտլանդացի արևելագետ Հենրի Յուլը հոդված է հրապարակել Բենգալիայի ասիական ընկերության ամսագրում[8][9]։

Ուշագրավ կամուրջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում գոյություն ունեցող ամենաերկար կենդանի կամուրջը (ավելի քան 50 մետր) գտնվում է Մավկիրնոտ և Ռանգթիլան գյուղերի միջև։ Կան մի քանի կրկնակի զուգահեռ կամուրջներ, որոնցից ամենաուշագրավը Նոնգրաթ գյուղի մոտ է․ այդ կրկնակի կամրջի մեկ հարթակը մյուսի վերևում է[10]։

Հայտնի են նաև օդային արմատներից պատրաստված այլ կառույցներ, օրինակ՝ Կուդենգ Ռիմ գյուղում մի քանի ծառերի միջև պատրաստված են կախովի տրիբունաներ, որոնցից տեղի բնակիչները ֆուտբոլ են դիտում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brent Lewin, India’s living Bridges, Reader’s Digest Australia, ноябрь 2012, с. 82-89
  2. Vallangi, Neelima. «Indias amazing living root bridges». BBC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Chithra, K.; Krishnan, K. Amritha (2015). Implementing Campus Greening Initiatives. Switzerland: Springer International Publishing. էջեր 113–124. ISBN 978-3-319-11960-1.
  4. «How are Living Root Bridges Made?». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  5. The Living Natural Root Bridges in Meghalaya
  6. «Живые мосты штата Мегхалая и Черапунджи». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  7. «Корневые мосты Черапунджи». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  8. Lewin, Brent (2012 թ․ նոյեմբեր), «India's living Bridges», Reader's Digest Australia, էջեր 82–89, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. «on Living Bridges - Cherrapunjee Holiday Resort» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «In the heart of Nongriat, where bridges come alive». Lost With Purpose - Solo female travel off the beaten track (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. Rogers, Patrick (2017 թ․ օգոստոսի 11). «KUDENG RIM 7: LIVING ROOT BLEACHERS». The Living Root Bridge Project (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]