Կարսի ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ թագավորը, Մարեմ արքայադուստրը և Դորանդուխտ թագուհին

Կարսի ավետարան «Գագիկ թագավորի Ավետարան», XI դարի հայկական մագաղաթյա ձեռագիր՝ գրված և պատկերազարդված Կարսի Գագիկ Աբասյան թագավորի համար։ Այժմ պահպանվում է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքում (ձեռ. № 2556)։ Կարսի ավետարանը (481 թերթ) տեղ-տեղ կտրտված է, հետագայում խնամքով նորոգված։ Կաշեկազմ է, ոսկեզօծ շրջանակով, մեջտեղը՝ խաչ։ Երկաթագիր է։

Գլխատառերը զարդարված են տերևներով, ծաղիկներով, կենդանիների գլուխներով։ Լուսանցքներում պատկերված են հարյուրավոր բազմատեսակ թռչուններ, նաև՝ կենդանիներ և անոթներ։ Ունի խորաններ, անվանաթերթեր և գլխազարդեր, որոնցում գերակշռում են տերևածաղկային, թռչնային և երկրաչափական մոտիվները։ Լուսանցքներում՝ գլխատառերի մոտ նկարված թռչունները, կենդանիները իրենց զուգահեռը չունեն ժամանակի հայկական և բյուզանդական ձեռագրերում։ Խորանները, ինչպես այդ ժամանակվա բյուզանդական ձեռագրերում, սյուների վրա ունեն ուղղանկյուն գլխազարդեր։ Թռչունների, կենդանիների և ծաղկատերևների ռեալիստական վերարտադրությունը հմտորեն զուգակցված է ոճավորման հետ։ Արևելյան ոճով են պատկերված Գագիկ թագավորը, Մարեմ արքայադուստրը և Դորանդուխտ թագուհին, որոնք ծալապատիկ նստած են գորգածածկ բազմոցին։

Գորգը, նաև թագավորական ընտանիքի անդամների հագուստները զարդարված են սասանյան և իսլամական մոտիվներով (երկարակնճիթ փղեր, թռչուններ և ծաղիկներ՝ մարգարտաշար շրջանների մեջ, վայրի խոյեր, թռչուններ՝ մեդալիոններում, արմավիկներ՝ մարգարտաշար ոլորազարդերում, հին արաբական «քուֆի» տառեր և այլն)։ Արքայական ընտանիքի նկարը ցույց է տալիս Հայաստանը շրջապատող իսլամական աշխարհի ներգործությունը հատկապես գործվածքեղենի զարդամոտիվներում և նստելու ձևում։ Ավետարանական տեքստերի պատկերազարդումներում, ինչպես վաղ շրջանի մի քանի այլ հայկական ձեռագրերում, արտահայտված են կապերը Բյուզանդիայի հետ։ Սակայն բյուզանդական մանրանկարներում շեշտված է Քրիստոսի տիրական, աստվածային էությունը, Կարսի ավետարանում՝ մարդկային-հուզական կողմը։ Կարսի ավետարանը, առավել քան այդ շրջանի այլ ձեռագրեր, կրում է այն բոլոր սաղմերը, որոնք հետագայում զարգացան ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ կիլիկյան մանրանկարչության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 344