Կարապետ Փաշայանը 1888 թվականին ավարտել է Կ. Պոլսի բժշկական վարժարանը։ Որպես բժիշկ աշխատել է Բալուում, Մալաթիայում։ 1890 թվականին Բագառիճում հայդուկային խմբեր կազմակերպելու համար բանտարկվել է, բայց լոկ պատահաբար խուսափել է խիստ պատժից։ 1890 թվականին նորից բանտարկվել է զինված խմբեր կազմակերպելու և զինամթերք պահելու մեղադրանքով։ Դատավարությունը տևել է շուրջ 2 տարի և ավարտվել մահապատժի դատավճռով, բայց, շնորհիվ Անգլիայի դեսպանի տիկնոջ միջնորդության, ներվել է։ 1895 թվականին անցել է Պարսկաստան, որտեղ աշխատել է որպես պալատական բժիշկ։ Օգտագործել է իր լայն հնարավորությունները՝ օգնելու իրանահայ գաղութին (այստեղ նրան շնորհվել է «Խան» տիտղոսը)։ 1903-1906 թվականներին աշխատել է Եգիպտոսում։ Ալեքսանդրիայում իր միջոցներով հիմնել է դպրոց և տպարան։ 1908 թվականին երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, ընտրվել է օսմանյան պառլամենտի, նաև Ագգային ժողովի երեսփոխան։ 1915 թվականին, ի թիվս այլ հայ մտավորականների, Փաշայանը ձերբակալվել է, բանտարկվել Այաշի բանտում և շուտով սպանվել։ Գրել է մի շարք գիտական աշխատություններ, նաև գրական ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։