Jump to content

Կաշվի արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Ստեփան Շահումյանի անվան կաշվի արտադրական միավորման շենքը

Երևանի Ստեփան Շահումյանի անվան կաշվի արտադրական միավորում, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ Հայաստանում։

Հիմնադրվել է 1965 թվականին։ Ներառել է Երևանի կաշվի գործարանը (գլխամասային ձեռնարկություն) և կոշիկի հումքի ընդունման և նախնական մշակման Մասիս քտա-ի մասնաճյուղը։

Կաշվի գործարանի հուշատախտակ

Երևանի կաշվի գործարանը հիմնադրվել է 1894 թվականին։ Սկզբնական տարիներին կիսատնայնագործական եղանակով տարեկան մշակել է մոտ 3 հազար մորթի։ 1902-1903 թվականին ներդրվել են թմբկագլանման եղանակով կաշվի մշակման մեքենաներ։ Հայաստանի ժողկոմխորհի 1921 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ գործարանը պետականացվել է։ 1928 թվականին մասնակիորեն վերակառուցվել է։ Դրա շնորհիվ 1940 թվականին, 1920 թվականի համեմատ, կաշվի արտադրության ծավալն աճել է 20 անգամ (ըստ Հայկական սովետական հանրագիտարանի1961 թվականից սկսվել է գործարանի նոր վերակառուցումը. գործարկվում են արտադրական մասնաշենքը, օժանդակ և կենցաղային նշանակության մի շարք շինություններ, ներդրվում ներկող, մամլող, փայլեցնող բարձրարտադրողական մեքենաներ ու սարքավորումներ։ Գործարանն ունեցել է կրային դաբաղման և ներկման-հարդարման 2-ական, կոշտ կաշվի մշակման արաադրամասեր։ Թողարկել է կոշտ ու փափուկ կաշի (1977 թվականին, համապատասխանաբար՝ 50 և 247 միլիոն դմ2)։ Արտադրությունը կազմակերպվում է տեղական (քառորդ մասը) և ներմուծվող (Ուկրաինայից, Ղազախստանից, մերձբալթյան հանրապետություններից, նաև ոչ խորհրդային պետություններից) հումքի բազայի վրա։ Կոշտ կաշին ամբողջովին, փափուկ կաշվի 80%-ն առաքվում է կոշիկի տեղական (հիմնականում Երևանի կոշիկի «Մասիս» արտադրական միավորման), մնացածը՝ Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի ձեռնարկություններին։ 1953 թվականին կրել է բոլշևիկ Ստեփան Շահումյանի անունը։

Մասիսի մասնաճյուղը (հիմնադրվել է 1965 թվականին)։ իրականացրել է կաշվի հումքի ընդունման, նախնական մշակման, արտադրական խմբաքանակների կազմման և գլխամասային ձեռնարկությանը մատակարարման ֆունկցիաները։ 1971 թվականին միավորումը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 246