Jump to content

Կանաչ էվգլենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանաչ էվգլենան (լատ. Euglenophyta). - միաբջիջ կենդանի է։

Կենսակերպը, կառուցվածքը և շարժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ Էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝ սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։Կանաչ էվգլենան արագաշարժ է և իր գույն ստանում է լույի տակ ֆոտոզիթեզ կատարելիս

Սննդառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

Շնչառությունը և արտաթորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղի է ունենում այնպես, ինչպես Ամեոբայինը։ Կծկուն վակոուլը գտնվում է էվգլենայի մարմնի առջևի ծայրում։ Դրա միջոցով էվգլենայի օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրն ու արտաթորության նյութերը։