Խոշոր եղջերավոր կենդանիներ
Խոշոր եղջերավոր կենդանիներ, սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող ընտանի կենդանիներ։ Խոշոր եղջերավոր կենդանիներից են ցուլերի սեռին պատկանող գոմեշները, յակերը և ընտանի տավարի բոլոր ցեղերը։
Ընտանի տավարը (Bos taurus) առաջացել է վայրի տուրից (Bos primigenius), որը մի քանի հազարամյակներ մ. թ. ա. տարածված էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Դրա վերջին ներկայացուցիչներն անհետացել են XVII դարի սկզբներին։ Տուրն ընտելացվել է մոտ 8 000 տարի առաջ, սկզբում Հնդկաստանում, ապա Առաջավոր Ասիայում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում և Կենտրոնական Եվրոպայում։
Ըստ գանգի կազմության առանձնահատկությունների տարբերում են ընտանի տավարի 4 ենթատեսակ․
- հարթավայրային և տափաստանային եվրոպական երկարեղջյուր (Bos taurus primigenius)
- լեռնային և անտառային գոտիների եվրոպական կարճեղջյուր (Bos taurus brachvceros)
- կենտրոնական ասիական (Bos taurus turano-mongolicus)
- հարավ-ասիական ու հյուսիս-աֆրիկյան սապատավոր՝ զեբու (Bos taurus indicus)։
Կովերի կյանքի տևողությունը մոտ 20 տարի է (երբեմն՝ 35), ցուլերինը՝ 15-20։ Կաթնատու կովերի տնտեսական օգտագործումը՝ 12-13 տարի (այդ ընթացքում մաշվում են ատամները, նվազում է մթերատվությունը)։ Միս ստանալու համար նպատակահարմար է մորթել 1, 5-2 տարեկան բտված կամ գիրացած կենդանիներին։ Վերարտադրության համար տոհմային կենդանիներին կարելի է օգտագործել 5-10 տարի։ Հորթերը սեռահասուն են դառնում 7-9, ցլիկները՝ 6-8 ամսականում։ Երինջներին սերմնավորում են 18-22 ամսականում։ Սերվիս-շրջանը (ծնից մինչև ցանկության սկիզբը) մոտ 3 շաբաթ է։ Հղիության տևողությունը 285 օր է։ Կովերը միապտուղ են։ Կենդանի քաշը 200-600 կգ է (առավելագույնը՝ 1000 կգ), ցուլերինը՝ 300-900 (առավելագույնը՝ 1600 կգ)։ Միջին կաթնատվությունը 3500-4000 կգ է, լավագույն տնտեսություններում՝ մինչև 6000 կգ, ռեկորդը՝ 20 000 կգ (հոլանդական տավար)։ Կաթի յուղայնությունը՝ 3, 6-4%։ Մսատվությունը բարձր է մասնագիտացված մսատու ցեղերի մոտ։ Ի տարբերություն կաթնատուների, դրանք բտվում են կարճ ժամկետում, բարձր է սպանդային ելքը, միսը՝ լավորակ։
Տավարի հիմնական կերը արոտի կանաչն է, ծղոտը, սիլոսը, արմատապտուղները, արտադրական մնացուկները (քուսպ, շրոտ, ժոմ, բարդա և այլն), համակցված, ինչպես նաև հանքային աղերով, պրոտեինով և վիտամիններով հարստացված կերը։ Խոշոր եղջերավոր կենդանիներին բուծվում են բոլոր երկրներում, 1970-1971 թ․-ին աշխարհում կար մոտ 1141 միլիոն գլուխ։ Տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծված են բազմաթիվ ցեղեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 73)։ |