Մարմնի երկարությունը 13, 5-14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-25 սմ, կենդանի զանգվածը՝ 24-27 գ։ Մարմինը վերևից և պոչը կապտամոխրագույն են, ներքևից՝ սպիտակ, ներքնապոչը՝ բաց նարնջագույն։ Կտուցը բարակ է, սև, հիմքում՝ բաց գույնի։
Կտուցի հիմքից դեպի ծոծրակն է ձգվում սև, համաչափ լայնությամբ ակնաշերտը։
Բնակվում է ժայռոտ սարալանջերին, ձորերում, ձմռանը՝ ծառերի վրա։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով։ Աղմկոտ է, շարժունակ և ամրակազմ։ Երգը նման է սուլոցների։ Ժայռերի, թփերի արանքում ցատկոտում է ընդհատ-ընդհատ ոստյուններով։ Հաճախ կտրուկ թափ է տալիս թևերն ու շարժում պոչը։
Հարսանեկան խաղերն սկսվում են փետրվարի կեսից մայիս-հունիս։ Բնադրազույգերը մշտական են։ Բույնը կառուցում է հիմնականում արուն՝ 15-18 օրվա ընթացքում (էգը ժամանակ առ ժամանակ շինանյութ է մատակարարում)։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ ժայռերի պատերին։ Բույնը կլորավուն է (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով), ծեփում է կավից (որը շաղախում է թքով), օգտագործում գունավոր բզեզների և այլ միջատների մնացորդներ, արտաքին մասը պատում մեծ թրթուրների (որոնց ճզմում է կտուցով) լորձով։ Ցամքարը բաղկացած է մանր կրծողների մազերից։ Ապրիլի սկզբին բնում հայտնվում են առաջին ձվերը։
Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 5-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 15-18 օր։ 25 օրական ձագերը դուրս են գալիս բնից, սակայն կատարյալ թռիչքի ունակություն ձեռք են բերում ևս 24-25 օր ծնողների հսկողության տակ մնալուց հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։