Թխկի բարձրլեռնային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի բարձրլեռնային
Թխկի բարձրլեռնային
Թխկի բարձրլեռնային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի բարձրլեռնային (A. trautvetteri)
Միջազգային անվանում
Acer trautvetteri

Թխկի բարձրլեռնային (լատին․՝ Acer trautvetteri), թխկազգիներ ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ 15−16 (հազվադեպ 20) մետր բարձրությամբ, լայն ձվաձև կամ վրանաձև ճյուղատարած սաղարթով։ Բունը հզոր է, հաճախ խիլավոր, մինչև 1 մետր տրամագծով, ծածկված մոխրագորշավուն, լայն, երկայնական շերտերով անջատվող կեղևով։ Ճյուղերը մերկ են, գորշ կամ կարմրագորշավուն, փայլուն, բազմաթիվ բաց գույնի ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև կոնաձև են, սպիտակ, թարթիչաեզր։ Տերևները 5 բլթականի են, 9−14 սմ երկարությամբ և 11−16 սմ լայնությամբ, վերևի կողմից մուգ կանաչավուն, անփայլ, մերկ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, դեղնականաչ, կարմրականաչ, սկզբում մազմզուկապատ են, ավելի ուշ՝ մազմզուկները պահպանվում են միայն ջղերի անկյուններում, սրտաձև կամ կլորավուն հիմքով։ Բլթակները սրածայր են, անհավասար սուր ատամնաեզր։ Տերևակոթունները հասնում են 7,5−17 սմ երկարության, հաճախ կարմրավուն են։ Ծաղկաբույլերը երկար կոթունավոր, կարճ կոնաձև կամ վահանաձև հուրաններ են, մոտ 7 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ։ Ծաղկակիրները մերկ են։ Ծաղկակիցները չեն թափվում, 1,8 սմ երկարություն ունեն։ Ծաղիկները սպիտակ-կանաչավուն են, մինչև 1 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները լայն էլիպսաձև են, պսակաթերթիկները դրանց հավասար, բայց ավելի նեղ են։ Վարսանդաթելերը մերկ են։ Երկթևիկները միմյանց նկատմամբ զուգահեռ են, 3,5−7 սմ երկարությամբ ծայրերում լայն, կլորավուն, հաճախ մի թևիկի այդ մասն անցնում է մյուսի վրա, մերկ, հասունանալիս կարմինոկարմիր։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հայաստանի սահմաններում հանդիպում է միայն հյուսիսարևելյան անտառային շրջաններում։ Աճում է վերին անտառային գոտում, ովի մակարդակից 1700 մետրից բարձր վայրերում, որպես պուրակային անտառների հիմնական բաղադրիչ։ Աչքի է ընկնում խոնավասիրությամբ (պահանջկոտ է նաև օդի խոնավության նկատմամբ), ստվերադիմացկուն է, լավ է աճում սննդանյութերով հարուստ հզոր սևահողերում, բավականին ցրտադիմացկուն է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ մեղրատու է։ Ձյութը պարունակում է մինչև 3 % շաքար։ Բնափայտը բարձրորակ է, գեղեցիկ նախշերով, լավ է հղկվում, տալիս է հրաշալի, բաց գույնի ֆաներա, որն օգտագործվում է կահույք պատրաստելու համար։ Բազմանում է սերմերով և բնային մացառներով։ Առայժմ բնակավայրերի կանաչապատման բնագավառում չի օգտագործվում, սակայն բարձր լեռնային շրջանների անտառապատման հիմնական ծառատեսակներից մեկն է։

Էկոլոգիական խումբը՝ XIIա։ Մշակության հավանական շրջանները՝ 2, 4−7, 10-11, 19-21, 31[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 120։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի բարձրլեռնային» հոդվածին։