Թարթառի գործ
Թարթառի գործ (ադրբ.՝ Tərtər işi), դատական գործերի շարք Ադրբեջանի Հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերի սպայակազմի և զինծառայողների նկատմամբ 2017 թվականին իրականացված կտտանքների վերաբերյալ, ովքեր մեղադրվում էին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ կապեր ունենալու և Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար[1][2]։ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ մասսայական կտտանքները հաջորդել էին 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած հայ-ադրբեջանական կարճատև պատերազմին։
Դատական այս գործընթացն առավել հայտնի է որպես Թարթառի գործ կապված Թարթառի շրջանի հետ, որտեղ հետաքննությունից հետո տեղափոխել և կտտանքների են ենթարկել զինծառայողներին[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսին Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով հայտնեցին Հայաստանի Հանրապետոթւյան ազգային անվտանգության ծառայության օգտին լրտեսությամբ զբաղվող զինծառայողների ձերբակալման մասին[4]։
Ավելի ուշ՝ 2019 թվականին, Ադրբեջանի հասարակության շրջանում սկսեցին հայտնի դառնալ տվյալ գործի մանրամասները, մասնավորապես, մասսայական կտտանքների մասին, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի մայիս և հունիս ամիսներին Ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, ովքեր պաշտոնապես և ոչ պաշտոնապես կասկածվում էին Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Համաձայն իրավապաշտպան Օքթայ Գյուլիլևայի՝ մասսայական ձերբակալությունների առաջին ամիսներին ո՛չ հասարակությունը, ո՛չ իրավապաշտպանները չեն իմացել կատարվող իրադարձությունների մասին[5]։
Համաձայն ադրբեջանցի իրավապաշտպանների հայտնած տեղեկությունների՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ավելի քան 100 զինծառայող, այդ թվում՝ սպաներ, ենթարկվել են կտտանքների, 25-ը ենթարկվել են երկարաժամկետ ազատազրկման և ոչ պակաս 10 անձ սպանվել է կտտանքների հետևանքով։ Մասնավորապես, դատարանում պահեստազորի գնդապետ-լեյտենանտ Սալեխ Գաֆարովի կինը հայտնել է, որ «ամուսնու ձեռքերն ու ոտքերը կապել են, ջրի մեջ ջրախեղդ արել, էլեկտրահարել, պոկել են եղունքները, կոտրել են ծնոտը և կապկպված վիճակով նետել 2-րդ հարկից»։ Կնոջ խոսքով ամուսինը «այդ ամենից հետո շարունակել են կտտանքների ենթարկել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հայտնվել կոմայի մեջ»։ Կտտանքների ենթարկված մեկ այլ զինծառայող՝ գումարտակի հրամանատար կապիտան Վագիֆ Աբդուլաևի խոսքով իրեն սովի են ենթարկել, մերկացրել են և սառը ջրի ուժեղ շիթի դիմաց են կանգնացրել, ծեծել են երկաթյա ձողով, հարվածել են էլեկտրահարիչով, որից հետո հեռացրել աշխատանքից[5]։
Իրավապաշտպան Օքթայ Գյուլիլևայի պնդմամբ 9 զինծառայող սպանվել են՝ չկարողանալով դիմանալ կտտանքներին, ըդն որում, նրանցից 5-ի նկատմամբ հարուցված գործ չի եղել։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ ոչ պակաս, քան 25 զինծառայող գտնվում են բանտարկության մեջ՝ մեղադրվելով լրտեսության, կոչումով ավագի նկատմամբ հարձակման և այլ մեղադրանքներով[5]։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Իսա Սադիգովը հայտնել է, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի օրերին Ադրբեջանի մարտական կորուստները հուշում են, որ «երկիրը պատրաստ չէ և ի վիճակի չէ վարել մարտական գործողություններ»։ Թարթառի շրջանը, որտեղ Քառօրյա պատերազմից մեկ տարի անց տեղի էին ունեցել մասսայական կտտանքներ, գտնվում է հակամարտող կողմերի շփման գծի մոտ։ Սադիգովի կարծիքով Թարթառի գործը ի հայտ է եկել, քանի որ զինվորական բարձրագույն հրամանատարությունը ցանկացել է թաքցնել 2016 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի իր կորուստները[5]։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ադրբեջանցի իրավապաշտպանների՝ կտտանքների է ենթարկվել շուրջ 100 զինծառայող, որոնցից 25-ը լրտեսության մեղադրանքով դատապարտվել են ազատազրկման, 9 անձ սպանվել է[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Азербайджан обвинили в пытках и убийствах собственных военных․(ռուս.)
- ↑ В Азербайджане арестовали военных по подозрению в шпионаже в пользу Армении․(ռուս.)
- ↑ Как в Азербайджане “забывают” о громких преступлениях․(ռուս.)
- ↑ Родственники обвиненных по «Тертерскому делу», протестуют․ Արխիվացված 2020-02-04 Wayback Machine(ռուս.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 "Умри или признайся". В азербайджанской армии искали армянских шпионов при помощи пыток․(ռուս.)