Թավջութակի սուիտներ (Բախ)
Տեսակ | group of musical works? |
---|---|
Կոմպոզիտոր | Յոհան Սեբաստիան Բախ |
Գործողությունների քանակ | 6 Սյուիտ |
Կատալոգի համար | BWV 1007-1012 |
Cello suites by Johann Sebastian Bach Վիքիպահեստում |
Թավջութակի վեց սյուիտ, BWV 1007-1012, գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի սյուիտները թավջութակի համար՝ առանց նվագակցության։ Այս սյուիտները թավջութակի համար երբևէ գրված առավել հաճախ կատարվող և ճանաչելի մենանվագներից են։ Կոմպոզիտորը հավանաբար դրանք գրել է 1717–1723 թվականների ընթացքում, երբ ծառայում էր Քյոթեն քաղաքում՝ որպես կապելմայստեր։ Նրա կնոջ՝ երգչուհի Աննա Մագդալենա Բախի ձեռագրերում այս ստեղծագործությունը վերնագրված է «Սյուիտներ թավջութակի մենանվագի համար՝ առանց բասի նվագակցության»։ Ինչպես սովորաբար բարոկկո ոճի սյուիտներում, պրելյուդից հետո, որով սկսվում է յուրաքանչյուր սյուիտը, հաջորդող հատվածները կառուցվված են ըստ բարոկկո պարեղանակների տիպի։ Սյուիտներից յուրաքանչյուրը կազմված է վեց մասից՝ պրելյուդ, ալլեմանդա, կուրանտե, սարաբանդա, երկու մենուետ կամ երկու բուռե կամ երկու գավոտ և եզրափակիչ ժիգա։ Բախի «Սուիտները թավջութակի համար» համարվում են ամենախոր ստեղծագործություններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավջութակի սյուիտների ստեղծման տարեթիվը հնարավոր չէ ճշգրիտ նշել։ Ամեն դեպքում, ուսումնասիրողները, հիմնվելով տարբեր տարիներից մեզ հասած Բախի ստեղծագործությունների ոճերի ու առանձնահատկությունների վերլուծությունների վրա, գրեթե համակարծիք են, որ սրանք գրվել են Բախի ստեղծագործական տարիների սկզբնական շրջանում՝ նախքան 1720 թվականը։ Թավջութակի սյուիտները լայն ճանաչում չունեին մինչև 1900 թվականը, և երկար ժամանակ կարծում էին, թե դրանք պարզապես ուսումնական էտյուդներ են։ Ընդ որում, սյուիտներից չորսը գրված են չորսլարանի նվագարանի համար՝ ավանդական լարվածքով, հինգերորդ սյուիտը գրված է այլ լարվածքով նվագարանի համար, իսկ վեցերորդը գրված է հինգլարանի նվագարանի համար։ Այս ստեղծագործությունները Բարսելոնայի մի խանութում 1889 թվականին նկատեց 13-ամյա Պաբլո Կասալսը՝ Գրուցմախերի հրատարակությամբ և սկսեց ուսումնասիրել դրանք, սակայն նա միայն 1936 թվականին, երբ արդեն վաթսուն տարեկան էր, նա այդ սյուիտները նվագեց հասարակության առջև և համաձայնեց ձայնագրել 2-րդն ու 3-րդը լոնդոնյան Abbey Road Studios ձայնագրման ֆիրմայում։ Քիչ ավելի ուշ մնացած չորսը նա ձայնագրեց Փարիզում՝ 1-ինն ու 6-րդը 1938-ի հունիսին, 4-րդն ու 5-րդը՝ ուղիղ մեկ տարի անց։ Այսպիսով, Կասալսը ձայնագրեց Բախի բոլոր սյուիտները՝ թավջութակի համար։ Այս ստեղծագործությունները շատ արագ ձեռք բերեցին լայն ճանաչում հասարակության շրջանում, և մինչև օրս էլ Կասալսի կատարման ձայնագրությունը մեծ արժեք է ներկայացնում թավջութակահարների ու երաժշտասերների համար։
Ձեռագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Բախի ջութակի սոնատների, այս ստեղծագործությունից ոչ մի բնօրինակ ձեռագիր չի պահպանվել, որով էլ անհնար է դառնում պարզել, թե հատկապես որ թվականին են գրվել դրանք։ Այնուամենայնիվ, վերլուծելով երկրորդական աղբյուրներում պահպանված տեղեկությունները, ինչպես նաև Բախի երկրորդ կնոջ՝ Աննա Մագդալենա Բախի ձեռքով արտագրված ձեռագիրը, ենթադրել են տալիս, որ հավանաբար եղել են հրատարակություններ, որոնք զուրկ են եղել կատարման հիմնական գծանշումներից։ Այս պատճառով տարակարծություններ են ծագել սյուիտների մեկնաբանման հարցի շուրջ՝ տարբեր կատարողների միջև։ Օրինակ, գերմանացի թավջութակահար Միքայել Բախը կարծում է, որ Աննա Մագդալենայի ընդօրինակած ձեռագիրը ճշգրիտ է։ Իսկ վերջին ուսումնասիրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Բախը, ամենայն հավանականությամբ, սյուիտները գրել է ոչ թե մեր օրերում թավջութակ անունով հայտնի նվագարանի, այլ վիոլայի համար։ Բանն այն է, որ անցած հարյուրամյակների ընթացքում երաժշտական գործիքների տերմինները փոփոխության են ենթարկվել, ինչն էլ պատճառ է դարձել ներկայիս խառնաշփոթի, և մինչև օրս էլ վիճաբանություն կա մասնագետների միջև, թե իրականում ինչ նվագարան է նկատի ունեցել Բախը։