Զորեղ Հանսը
Զորեղ Հանսը | |
---|---|
Զորեղ Հանսը թզուկների քարանձավում (նկարազարդումը՝ Աննա Անդերսոնի) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Հրատարակվել է | 1837 |
Strong Hans |
«Զորեղ Հանսը» (գերմ.՝ Der starke Hans), Գրիմ եղբայրների հեքիաթը ամենակարող պատանու մասին, որը մորն ազատում է ավազակներից, իսկ իր ապագա հարսնացուին՝ չար թզուկից[1]։ Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում գտնվում է 166 համարի ներքո, իսկ հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ներկայացված է 650 A, 301 համարների ներքո։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավազակներն առևանգում են երկու տարեկան Հանսին և նրա մորը։ Ատամանը մորն ասում է, որ նրան վատություն չի անի, եթե իրենց քարանձավի տնտեսությունը վարի։ Տասներկուամյա Հանսը մահակով հաշվեհարդար է տեսնում հարբած ավազակախմբի հետ և մոր հետ վերադառնում հայրական տուն։ Որոշ ժամանակ ապրելով ծնողների հետ՝ նա գնում է երկրեերկիր թափառելու։ Բնությունից օժտված լինելով հսկայական ուժով՝ իր հետ վերցնում է յոթ փթանոց մի գավազան։
Ճանապարհին պատանին հանդիպում է մի մարդու, որը եղևնին ոլորել էր ուռենու ոստի պես։ Նրան անվանում է Եղևնի Ոլորող և տանում իր հետ։ Որոշ ժամանակ անց նրանք հանդիպում են մի մարդու, որը ձեռքով ժայռից մեծ կտորներ էր պոկում։ Հանսը նրան անվանում է Ժայռտաշ և առաջարկում միանալ իրենց։ Նրանք հասնում են մի անմարդաբնակ ամրոցի, որտեղ Հանսը մահակով վարազ է սպանում։ Ընկերները բնակություն են հաստատում ամրոցում և պայմանավորվում, որ օրական երկուսը գնան որսի, իսկ երրորդը մնա տանը և ճաշ պատրաստի՝ ամեն մեկի համար ինը ֆունտ մսից։ Առաջին օրը տանը մնում է Եղևնի Ոլորողը։ Հանկարծ հայտնվում է մի թզուկ և միս ուզում։ Մերժում ստանալով՝ նա ծեծում է Եղևնի Ոլորողին, բայց վերջինս ընկերներին ոչինչ չի ասում։ Նույնը պատահում է Ժայռտաշի հետ։ Հանսը կարողանում է չար մարդուկին հաղթել ու նրան ծեծել, ընդ որում՝ նա տեսնում է անտառի քարանձավը, որտեղ թաքնվում է թզուկը։
Հանսը միջադեպի մասին պատմում է ընկերներին, այնուհետև նրանք վերցնում են մի զամբյուղ ու պարան ու պատանուն իջեցնում են քարանձավը։ Այնտեղ շղթաներով կապված էր թագավորի գեղեցկուհի աղջիկը, որին փախցրել էր ավազակ կոմսը, թզուկին էլ պահակ էր կարգել։ Թզուկին սպանելով՝ Հանսը գեղեցկուհուն նստեցնում է զամբյուղի մեջ և ընկերներին ազդանշան տալիս, որ վերև քաշեն։ Աղջկան բարձրացնելուց հետո հասնում է Հանսի հերթը, բայց նա որոշում է ապահովության համար զամբյուղի մեջ դնել իր մահակը. «Նրանք մի անգամ խաբեցին ինձ, թզուկի մասին բան չասացին, ի՞նչ իմանաս, թե հիմա ինչ են մտածում»։ Եվ իսկապես, երբ զամբյուղը դեռ չէր հասել քարանձավի կեսին, անազնիվ ընկերներն այն բաց են թողնում։ Անցնում է որոշ ժամանակ, Հանսը մահացած թզուկի մատից հանում է մատանին, որի տիրոջը հպատակվում էին օդային ոգիները։ Ոգիները Հանսին հասցնում են նավի մոտ, որով լողում էին նրա նախկին ընկերներն ու ազատված գեղեցկուհին։ Եղևնի Ոլորողին ու Ժայռտաշին նետելով ծովը՝ Հանսն աղջկան տանում է նրա ծնողների մոտ, որտեղ էլ ամուսնանում է նրա հետ։
Աղբյուրներ և սյուժեի վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Գրիմ եղբայրների ծանոթագրությունների՝ նրանք օգտագործել են Կարլ Ռուդոլֆ Հագենբախի՝ Վիլհելմ Վակերնագելեի մասին հեքիաթը։ Նրանք դա համեմատում են նաև իրենց ժողովածուի մեկ այլ` «Հողե մարդուկը» հեքիաթի (KHM 91) և այլ ավանդությունների հետ, ընդ որում՝ մանրամասները միշտ էլ տարբեր են, բայց բոլոր սյուժեների համար ընդհանուր է գլխավոր հերոսի գերբնական ուժը, որը նման է սկանդինավյան դիցաբանության կերպար Զիգֆրիդի ուժին։
«Հանս» անունով պատանու մասին Գրիմ եղբայրների մյուս հեքիաթներն են՝ «Խելոք Հանսը», «Ծաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է», «Ոզնի Հանսը», «Հանս Երկաթը», «Խելոք ծառան»: Քարանձավի գանձերը հիշատակվում են «Զիմելի լեռը», «Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը» հեքիաթներում, ինչպես նաև Պլատոնի «Քարանձավի առասպելը» այլաբանության մեջ։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ-Հայնց Մալետը հոգեվերլուծության տեսակետից քարանձավը մեկնաբանում է որպես արգանդի խոռոչ, ավազակապետին՝ որպես հայր, Հանսի թաքցրած մահակը՝ որպես Էդիպյան բարդույթ, Եղևնի Ոլորողը, Ժայռտաշը և թզուկը մեկնաբանվում են որպես ձեռնաշարժություն, պաշտպանական բնազդ և չհասունացած սեռազգացողություն։ Ավազակապետի, ավազակաորջի և մոր սիմվոլիկ նախնական կոմպոզիցիան այնուհետև կրկնվում է հոր և տան մեջ, ավազակախմբում, ինչպես նաև թզուկի մեջ, նրա քարանձավում և աղջկա մեջ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2007։
- ↑ (գերմ.) Mallet, Carl-Heinz: Analyse des Grimmschen Märchens «Der starke Hans». In: Laiblin, Wilhelm (Hrsg.): Märchenforschung und Tiefenpsychologie. Darmstadt 1969. S. 214—234. (Wissenschaftliche Buchgesellschaft; Wege der Forschung, Band CII) Zuerst erschienen in: Praxis der Kinderpsychologie und Kinderpsychiatrie 2, 1953, H. 2/3, S. 53-62.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (գերմ.) Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Vollständige Ausgabe. Mit 184 Illustrationen zeitgenössischer Künstler und einem Nachwort von Heinz Rölleke. S. 700—706. 19. Auflage, Artemis & Winkler Verlag, Patmos Verlag, Düsseldorf und Zürich 1999, ISBN 3-538-06943-3)
- (գերմ.) Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. S. 257, 506. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Reclam-Verlag Stuttgart 1994, ISBN 3-15-003193-1)
- (գերմ.) Uther, Hans-Jörg: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. de Gruyter, Berlin 2008. S. 346—347., ISBN 978-3-11-019441-8)
- (գերմ.) Lox, Harlinda: Starker Hans. In: Enzyklopädie des Märchens. Band 12. S. 1179—1185. Berlin, New York, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորեղ Հանսը» հոդվածին։ |