Jump to content

Երևանյան էտյուդներ (սիմֆոնիկ շարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երևանյան էտյուդներ», սիմֆոնիկ շարք, որ գրել է Ալեքսանդր Սպենդիարյանը 1925 թ․ և նվիրել Երևանի Պետական կոնսերվատորիայի նվագախմբին։

Երևանյան էտյուդներ սիմֆոնիկ շարքի առաջին հրատարակության շապիկը
Երևանյան էտյուդներ սիմֆոնիկ շարքի առաջին հրատարակության շապիկը

«Երևանյան էտյուդներ» Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունը երկու մասից կազմված սիմֆոնիկ շարք է (1-ին մաս՝ «Էնզելի», 2-րդ մաս՝ «Հիջաս»)։ Կոմպոզիտորն այն գրել է 1925 թ. և նվիրել Երևանի Պետկոնսերվատորիայի նվագախմբին։ Հենց այդ նվագախումբն էլ, նույն թվականի դեկտեմբերի 27-ին , առաջին անգամ կատարել է այդ երկը՝ հեղինակի ղեկավարությամբ։ Արխիվային որոշ փաստաթղթերից (սևագիր նոտաներ, գրառումներ) տեղեկանում ենք, որ «Էնզելի» մասի առաջին հատվածը՝ Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մեղեդու մշակումը ջութակի համար, Սպենդիարյանը գրառել և ուսումնասիրել է շատ ավելի վաղ (երբ նյութեր էր հավաքում «Ալմաստ» օպերան գրելու մտադրությամբ)։ Իսկ «Էնզելի» պարեղանակն ըստ որոշ տեղեկությունների, լսել ու գրառել է 1924 թ.՝ Երևանի Պետկոնսերվատորիայի հավաքույթներից մեկի ժամանակ[1] և երգչուհի Թամարա Շահնազարյանի հուշերը[2]։

Ստեղծագործության «Հիջաս» մասի մեղեդին կոմպոզիտորը լսել և գրառել է 1924–ին՝ «Երևանի աշուղների կանտորայում» (Երևանի աշուղների գրասենյակ), մի դուդուկահարի կատարումից[3]։ Ստեղծագործության պարտիտուրի առաջին հրատարակության մեջ նշված է.

«Էտյուդների համար թեմաներ ծառայել են հայկական և արաբական մեղեդիներ, որոնք կատարվում են երևանում, ժողովրդական երաժիշտների կողմից»։

«Երևանյան էտյուդների» պարտիտուրն առաջին անգամ հրատարակվել է 1927–ին[4], իսկ կլավիրը (դաշնամուրային փոխադրումը) կատարել է խմբավար, երաժշտագետ Գևորգ Բուդաղյանը՝ կոմպոզիտորի խնդրանքով։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1928-ին, ապա տեղ գտել նաև Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի 3-րդ հատորում[5]։ Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի հատորների հրատարակիչ-խմբագիրը ևս Գ. Բուդաղյանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հուշեր» ժողովածու, կազմ. Մ. Օթարյան և Տ. Սարգսյան, Երևան, 2012, էջ 48, երաժշտական քննադատ Խորեն Թոռջյանի հուշերը
  2. ՀՀ ԳԱԱ Պատմա֊բանասիրական հանդես, 2017 թ․, N 2, էջ 201-205
  3. Սպենդիարովա Մարինա, «Սպենդիարով», Երևան, 1966, էջ 177, ջութակահար Դավիթ Գիլանյանի հուշը
  4. Ա․ Սպենդիարյան, Յերևանի ետյուդներ, որկեստրի համար, յերկ 30, Հայպետհրատ, Երևան, 1927
  5. Ալ. Սպենդիարյան, երկերի լիակատար ժողովածու, հ․ 3-րդ, Երևան, Հայպետհրատ, 1951, էջ 55