Երկրաչափներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաչափներ (լատին․՝ Geometridae), թեփուկաթևերի դասի թիթեռների ընտանիք։ Հայաստանում հայտնի է մոտ 30 տեսակ։ Հայաստանի կենդանական աշխարհի համար երկրաչափի 18 տեսակ գիտության մեջ նորություն են և ընդգրկված են բնաշխարհիկների խմբում։ Ակտիվ են մթնշաղին կամ գիշերը։

Միջին մեծության կամ շատ փոքր, ոչ վառ գույնի թիթեռներ են։ Առաջին զույգ թևերը եռանկյունաձև են, հետինները՝ կլորավուն։ Հանգիստ վիճակում թևերը փռում են կամ լայն բացում, որոշները՝ տանիքաձև ծալում։ Թևերի գույնը լավ հարմարված է տեղանքին, որի շնորհիվ, անզեն աչքով դժվար նկատելի են։ Որոշ տեսակների մոտ ուժեղ արտահայտված է սեռական երկձևությունը։ Էգերի թևերը լրիվ բացակայում են կամ թերզարգացած են, այդ պատճառով էլ նրանք ոչ թե թռչում, այլ քայլում են, իսկ արուների թևերը լավ զարգացած են։ Թրթուրներն ունեն 5 զույգ ոտքեր, որոնք գտնվում են կրծքի և փորի 6-րդ և 10-րդ հատվածների վրա, որի պատճառով շարժվում են կծկումներով՝ կարծես «երկիրը չափելով» (այստեղից՝ անվանումը)։ Արտաքին տեսքով նման են տերևի կոթունի կամ ծառի չորացած ճյուղի։ Մի քանի անգամ մաշկափոխվելով՝ հարսնյակավորվում են (հողում, հողի վրա, ճյուղերին կպած, մեծ մասամբ՝ ցանցառ բոժոժում)։ Հարսնյակները բարեկազմ են, կոնաձև փորիկով։ Երկրաչափների 73 տեսակ գյուղատնտեսական բույսերի, պտղատու և անտառային ծառատեսակների վնասատուներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաչափներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաչափներ» հոդվածին։