Եռակողասերմիկ (լատին․՝ Tripleurospermum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կովկասյան եռակողասերմիկ(Tripleurospermum caucasicum), անդրկովկասյան եռակողասերմիկ (Tripleurospermum transcaucasicum), մանրածաղիկ եռակողասերմիկ(Tripleurospermum parviflorum), Սևանի եռակողասերմիկ (Tripleurospermum sevanense) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը։
Ցողունը ճյուղավորվող է, բարձր՝ 2-100 (120) սմ։ Տերևները հերթադիր են, մերկ, փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են (կամ բացակայում են), սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, քառատամ կամ հնգատամ, դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը՝ կողավոր, մուգ կարմիր, գնդաձև, եթերայուղային գեղձերով, հարթ կամ կնճռոտ, փուփուլավոր սերմիկ է։ Բոլոր տեսակները գեղազարդիչ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։