Մարմնի երկարությունը 44-47 սմ է, թևերի բացվածքը՝ 80-92 սմ։ Դեղին-դարչնագույն թռչուն է, վիզը և ոտքերը՝ կարճ, թռչելիս ակնառու են սպիտակ թևերը։ Գոտկատեղը և պոչը բաց գույնի են, մեջքը՝ ավելի մուգ։ Գլխին առկա են երկար փետրածփքեր՝ սև և դեղնավուն զոլերով։ Կտուցը կապույտ է՝ սև ծայրով, ոտքերը՝ վարդագույն։ Աշնանը ոտքերը և կտուցը կանաչավուն են։ Երիտասարդն առանց փետրածփքերի է։ Վիզը և կրծքի վերին մասը խայտավոր են, թևերը սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով։ Կտուցը խամրած դեղին է, վերնակտուցը՝ մուգ։ Հաճախ սապատավորի կեցվածք է ընդունում։
Կերը հայթայթում է միայնակ՝ բուսուտների սահմանագծից ոչ հեռու։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում, ճահճուտներում։ Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, ջրային միջատներով։
Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին։ Բնադրում է ապրիլի առաջին կեսին՝ եղեգնուտներում։ Բույնը գաղութային, ոչ խոր հարթակ է՝ եղեգի չոր ցողուններից, տերևներից։ Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի սկիզբը։
Դնում է 39 մմ տրամագծով, մուգ կապույտ 4-6 ձու։ Գաղութային բնադրումը համատեղում է 5-6 տեսակի այլ տառեղների հետ։ Թխսակալում են արուն և էգը՝ 20-22 օր։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջին, թռիչքի են դիմում հուլիս-օգոստոսին։ Աշնանային չուն՝ հոկտեմբեր-նոյեմբերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։