Գևորգ Յողուրթճյան
Ծնվել է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Աֆիոն-Կարահիսար |
Մահացել է | 1962 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ.Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Պաշտոն | զինվորական դեղագործի տեղակալ դեղատան վարիչ |
Գևորգ Գ. Յողուրթճյան (1883, Աֆիոն-Կարահիսար - 1962, Երևան), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1883 թվականին Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող Աֆիոն-Կարահիսար քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սարկավագյան վարժարանում։ Որոշ ժամանակ հաճախել է թուրքական ռյուշդիե վարժարան (նախակրթարան)։ Ավարտել է Աֆիոն-Կարահիսարի ազգային վարժարանը։ 1900 թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Ավարտել է Կ. Պոլսի ազգային վարժարաններից մեկը։ 1903-05 թթ. սովորել է Կ.Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանում։ 1905 թ. վերադարձել է Աֆիոն-Կարահիսար և բացել սեփական դեղատուն և աշխատել։
Բալկանյան պատերազմի և Առաջին աշխարհամարտի ընթացքում որպես զինվորական դեղագործի տեղակալ ծառայել է օսմանյան, ապա՝ քեմալական բանակներում։ Ծառայության ընթացքում ամբաստանության պատճառով ձերբակալվել և դատապարտվել է մահվան։ Սակայն հետո ազատվել է բանտից և վերադարձել Աֆիոն-Կարահիսար։
1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայի և շրջակա բնակավայրերի հայերի և հույների կոտորածի պատճառով գաղթել է Հունաստան և Սալոնիկ քաղաքում դեղատան տնօրեն աշխատել։ Այստեղ հայրենասիրական եռանդուն աշխատանք է տարել։
1932 թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Երևանում, ուր ընտանիք, զավակներ և հարազատներ է ունեցել։ Մինչև կյանքի վերջը Երևանում դեղատան վարիչ է աշխատել։
Մահացել է 1962 թվականին Երևանում։
Որդին՝ Մկրտիչ Յողուրթջյանը, Բաքվում աշխատել է որպես բժիշկ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակարյան Ա., Յուշագիրք Թրակիոյ եւ Մակեդոնիոյ հայ գաղութներու, Սելանիկ։ Տպ. «,Հորիզոն’’ օրաթերթի, *Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
- Յարման Ա., Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սբ Փրկիչ հիվանդանոցի (թրք), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։