Ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից մեկն է, որը հասնում և անցնում է 6 մ-ից։ Երևանի կլիմայական պայմաններում առանց ծածկոցի բավական հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է։ Ունի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով։ Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին հասնում է, երբ մասսայական կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ։ Եթե այս բոլորին ավելացնենք նաև գլիցինիայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի։
Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինիան (Gi chinensis Sweet.), որը բազմանում է արմատածիլերով, անդալիսով և կտրոններով՝ ջերմատանը։ Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար։ Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկայնքի ⅓ չափով, որը ծաղկաբողբոջներին հնարավորություն կտա ավելի լավ զարգանալ։ Ծաղիկները կտրած վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում։ Նախընտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքներին։ Գլիցինիան կարելի է աճեցնել նաև ջերմատնային պայմաններում, փայտյա տակառիկների մեջ, որոնք լավ խնամքի դեպքում սովորաբար ծաղկում են փետրվար-մարտամիսներին։