Jump to content

Գազանաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազանաբուծություն, անասնապահության ճյուղ։ Զբաղվում է արժեքավոր մորթատու գազանների (ազնվաքիս, երկնագույն բևեռաղվես, սև-արծաթափայլ աղվես, սամույր, ճահճակուղբ) բուծմամբ (հիմնականում վանդակներում)՝ մորթի ստանալու համար։ Վերջին տարիներին (սկսած 1990-ական թվականներից) սկսել են բուծել նաև ենոտաշուն, ժանտաքիս, գունավոր աղվես, մշկամուկ, գետային կուղբ։ Գազանաբուծության արտադրանքը (հիմնականում տարբեր գույների ազնվաքիսի բնական մորթին) օգտագործում են մորթեղեն (մուշտակներ և այլն) պատրաստելու համար։

Գազաններին բուծում են այդ նպատակով սարքած ֆերմաներում, որոնք ըստ նշանակության լինում են տոհմական (ցեղի բարելավում և տոհմային մատղաշի բուծում) և ապրանքի (մորթու և մսի արտադրություն)։ Կախված մորթատու գազանի տեսակից, տնտեսության մասնագիտացումից և բնակլիմայական պայմաններից՝ ֆերմաները հիմնում են հետևյալ չափերով (ըստ էգերի գլխաքանակի՝ հազար գլուխ). ազնվաքիսի ֆերմայինը՝ 2–40, աղվեսաբուծականը՝ 0,6–9, բևեռաղվեսինը՝ 0,5–7,5, սամույրինը՝ 0,75–12, կուղբաբուծականը՝ 2–15։ Պահվածքի տեսակը՝ վանդակային։ Ազնվաքիսը, սամույրը, աղվեսը և բևեռաղվեսը (բացառությամբ աղվեսի և բևեռաղվեսի արուների) պահում են առանձնացված վանդակներում, հարկերով շարված շեդերում, կուղբերի հիմնական գլխաքանակը՝ լողավազաններով կամ առանց դրանց վանդակներում, կուղբերի ձագերը՝ լողավազաններով փարախներում։ Շեդերում գազանների համար վանդակները տեղադրում են 1 կամ 2 հարկերով՝ կենտրոնական միջանցքով, երկշարք, ձագերի համար՝ 4-ական կամ 6-ական շարքերով։ Բացի պահվածքի շինությունից՝ նախատեսվում է նաև կերախոհանոց, անասնաբուժական կետ, դիտաշտարակ (աղվեսների և բևեռաղվեսների կտղուցին հետևելու համար), սպանդանոց և մորթիների նախնական մշակման տեղամաս, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրա-, ջերմապահովման սարքավորումներ, գույքի համար սրահ, կերի և ցամքարի պահեստներ, գոմաղբահոր, սառնարան, ինչպես նաև սանիտարական կենցաղ. և ծառայողական շինություններ։ Ըստ բնակելի գոտու առկայության՝ գազանաբուծության ֆերման տեղադրում են հողմակողմին հակառակ, ըստ ռելիեֆի՝ ավելի ցածրադիր, իսկ ըստ մաքրիչ և անասնաբուժական կառույցների՝ հողմակողմ և ռելիեֆից բարձր ուղղություններով։ Բնակելի շրջանից ֆերման մեկուսացնում են սանպաշտպանիչ գոտիով։

Շեդերը արևի լույսով հավասարաչափ ապահովման համար կառուցում են, որպես կանոն, զուգահեռ շարքերով երկայնաձիգ առանցքով հյուսիսից հարավ՝ դրանք միավորելով 6–18-ական խմբերում։ Հարավային շրջաններում կիրառում են նաև լայնական ուղղվածության շեդեր (արևմուտքից արևելք երկայնական առանցքով)։

Բևեռաղվեսների, ազնվաքիսների, աղվեսների և սամույրների հիմնական կերերն են. ենթամթերքները, ձկան մնացորդները, կաթը, զտած կաթնաշոռը, աղացած թարմ ոսկորը, կերախմորիչները, բուսական կերերից՝ կերահատիկը, կարտոֆիլը, արմատապտուղները, բանջարները։ Ազնվաքիսի օրակերում ձմեռագարնան. շրջանում մսաձկնային կերը կազմում է 65–75%, կաթնայինը՝ 5%, հատիկայինը՝ 15–20%, բանջարները՝ 3%, կերախմորիչները՝ 3–5%։ Աղվեսների և երկնագույն բևեռաղվեսի օրակերում ավելի պակաս են մսաձկնային կերերը, իսկ ավելի շատ՝ հատիկը։ Կտղուցը՝ տարին մեկ անգամ (ազնվաքիսի հղիությունը ամբողջ տարվա ընթացքում կարող է համատեղվել ձագերի կերակրման հետ)։ Կտղուցի շրջանում մեկ էգին անհրաժեշտ է 4–5 արու, ազնվաքիսների համար՝ 10։ Աղվեսները, բևեռաղվեսը, ազնվաքիսը, սամույրները ծնում են մարտ–մայիսին։ 3–4 շաբաթում ձագերին սկսում են կերակրել (ազնվաքիսի ձագերին՝ 10 օրականից)։ 40–50 օրական ձագերին առանձնացնում են էգերից և տարասեռ զույգերով տեղավորում ոչ մեծ ցանցավոր վանդակներում։ Օգոստոսին աղվեսների և բևեռաղվեսների ձագերին դրոշմում են և առանձնացնում տոհմի և սպանդի տիպերով։ Հոկտեմբեր նոյեմբերի սկզբին մատղաշը բոնիտում են, ապա մորթում՝ մորթի ստանալու համար։ Բնական մուտացիայով ստացվել են բազմաթիվ գունավորումներով գազանների տիպեր. ազնվաքիսի՝ 34, կուղբի՝ 50, աղվեսների և արծաթափայլ աղվեսների՝ մի քանի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ս․ Ավագյան, «Տնաﬔրձ գազանաբուծություն», Երևան, 2011։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։