Բիրզեբուջա (Birżebbuġa, biːrˈzɛ.bʊdʒɐ, կրճատ գրվում է նաև B'Buġa), մալթայերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «ձիթենիների երկիր»), քաղաք և նավահանգիստ Մալթայի հարավային մասում, Սուրբ Գևորգի ծովածոցի ափին։ 2014 թվականիմարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9.736[4]: Բիրզեբուջան նախկինում եղել է ձկնորսական ոչ մեծ ավան, ժամանակի ընթացքում վերափոխվել է Մալթայի ամառային հիմնական հանգստավայրի, որտեղ գործում են Ħal Far արդյունաբերական պարկը, Malta Freeport միջազգային նավահանգիստը, Playmobil FunPark factory-ն, որը զբոսաշրջիկներին զվարճանքի միջոցներ է տրամադրում։
Քաղաքի մերձակայքում է գտնվում Għar Dalam-ը՝ «Խավար քարանձավը», անչափ կարևոր մի վայր, որտեղ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մալթայում մարդ արարածի ներկայության հնագույն վկայությունները։ Քարանձավն ունի 144 մետր խորություն, բայց միայն 50 մետրն է բաց այցելուների համար, որոնք կարող են դիտել այստեղ գործող թանգարանի ցուցանմուշները՝ պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանական ոսկրեր, նոր քարի դարի ժամանակներում՝ շուրջ 7.400 տարի առաջ հնագույն մարդկանց պատրաստած առարկաներ, գործիքներ... Քարանձավի ստորին շերտերը, որ ավելի քան 500 հազար տարեկան են, պարունակում են գաճաճ փղի, ռնգեղջյուրի, միկրո-կաթնասունների բրածո ոսկրեր։
Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև մերձակա Բորջ ին Նադուր գյուղի մոտ հայտնաբերված բրոնզեդարյան պարսպապատված բնակավայրի ու տաճարի ավերակները։