Բժշկական աշխարհագրություն
Բժշկական աշխարհագրություն, հասարակական աշխարհագրության ենթաճյուղ, ուսումնասիրում է աշխարհագրական միջավայրի բնական և սոցիալ-տնտեսական գործոններն ու պայմանները, որոնք դրական կամ բացասական են անդրադառնում բնակչության առողջության վրա, հետազոտում է նաև մարդու հիվանդությունների տարածման օրինաչափություները։ Բժշկական աշխարհագրությունը սերտ կապի մեջ է բնակչության աշխարհագրության, բնապահպանության, համաճարակաբանության հետ։ Հետազոտման հիմնական մեթոդներն են բժշկաաշխարհագրական քարտեզագրությունը և շրջանացումը, մաթեմատիկական մոդելավորումը։ Բժշկական աշխարհագրություն հասկացությունն առաջին անգամ տվել է իտալացի գիտնական Բ. Ռամացինին (18-րդ դար), իսկ որպես գիտություն ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսին։
Հիվանդությունների աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունների աշխարհագրությունը (հունարեն πόςος- հիվանդություն և աշխարհագրություն) մարդու հիվանդությունների աշխարհագրության, բժշկական աշխարհագրության բաժին է, որն ուսումնասիրում է մարդու առանձին հիվանդությունների աշխարհագրական տարածումը արդի ժամանակաշրջանում կամ ոչ հեռավոր անցյալում։ Հիվանդությունների աշխարհագրության հիմնական խնդիրը հիվանդությունների արեալի, նրա կառուցվածքի և դինամիկայի, ինչպես նաև հիվանդությունների ծագման պայմանների ուսումնասիրումն է։ Եզրույթն առաջին անգամ առաջարկել է գերմանացի գիտնական Ա. Մյուրին (1876)։
Հիվանդությունների աշխարհագրության տեսակետից սովորաբար առանձնացնում են չորս բնակլիմայական մակրոզոնաներ.
- բարեխառն․ տարածվում է հյուսիսայի և հարավային կիսագնդերի համապատասխան լայնություններում (Հյուսիսային Ամերիկա, Եվրոպայից մինչև Ճապոնիա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա,Նոր Զելանդիա)։
- Միջերկրածովյան․ տարածվում է Միջերկրական ծովի ավազանի երկրներում և Մերձավոր Արևելքում։
- Արևադարձային․Կենտրոնական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներ։
- Հարավարևելյան Ասիա․ ներառելով տարածաշրջանի բոլոր երկրները։
Աշխարհի այսպիսի «բժշկաաշխարհագրական շրջանացման» սահմաններում տարածվում են չորս գլխավոր խումբ հիվանդություններ.
- Վարակիչ հիվանդություններ
- Չարորակ նորագոյացություններ
- Հիվանդություններ` կապված սննդի հետ
- Սիրտանոթային և հոգեկան հիվանդություններ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան 2014, էջ 241,377, 388
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 434)։ |