Արքայադուստրը և գոբլինները
Արքայադուստրը և գոբլինները The Princess and the Goblin | |
---|---|
Հեղինակ | Ջորդ ՄաքԴոնալդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենտեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Արքայադուստրը և Քարդին |
Նկարազարդող | Արթուր Հյուզ |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Հրատարակման տարեթիվ | 1872 |
The Princess and the Goblin Վիքիպահեստում |
Արքայադուստրը և գոբլինները (անգլ.՝ The Princess and the Goblin), ֆենտեզի ժանրի մանկական վեպ, հեղինակ՝ Ջորջ Մաքդոնալդ։ Հրատարակվել է 1872 թվականին՝ Strahan & Co հրատարակչության կողմից։ Գրքի շարունակությունն է Արքայադուստրը և Քարդին վեպը։
Աննա Թեքստեր Իթոնը իր Մանկական գրականության քննադատական պատմություն գրքում գրում է, որ Արքայադուստրը և գոբլինները գրքում, ինչպես նաև դրա շարունակությունը հանդիսացող գրքում «յուրաքանչյուր իրադարձության մեջ ընդգծվում է խիզախության և պատվի կարևորությունը»[1]։
Համառոտ շարադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութամյա արքայադուստր Այրինը մեկուսացած ապրում է վայրի, ամայի և լեռնոտ թագավորությունում։ Միայն դայակ Լութին է, որ ընկերակցում է նրան։ Հայրը՝ թագավորը, սովորաբար բացակայում է, իսկ մայրը մահացած է։ Արքայադուստրը չգիտի, որ շրջակայքի հանքահորերը բնակեցված են գոբլինների ցեղով, որ երկար տարիներ է վտարված են թագավորությունից և հիմա տենչում են վրեժ լուծել հարևան մարդկանցից։ Մի անձրևոտ օր արքայադուստրը տնտղում է դղյակը և հանդիպում մի գեղեցիկ առեղծվածային կնոջ, ով ներկայանում է որպես Այրինի անվանակից և նախա-նախատատ։ Հաջորդ օրը Այրինը համոզում է դայակին, որ գնան դուրս՝ զբոսնելու։ Մութն ընկնելուց հետո նրանց սկսում են հետապնդել գոբլինները, իսկ երիտասարդ հանքափոր Քարդին փրկում է նրանց։ Արքայադուստրը ընկերանում է տղայի հետ։
Աշխատանքի ժամանակ Քարդին լսում է գոբլինների խոսակցությունը, որից պարզ է դառնում, որ գոբլինների մարմնի միակ թույլ տեղը ոտքերն են.․ բոլորի ոտքերը թույլ են, փափուկ և խոցելի։ Նրանց հետևելով մինչև Մեծ դահլիճ՝ պարզում է, որ եթե նրանց ծրագրի որևէ մասը խափանվի, պատրաստվում են հեղեղել հանքահորը։ Այս լուրը հայտնում է հորը։ Պալատում արքայադուստր Այրինը վնասում է ձեռքը, իսկ նախա-նախատատը բուժում է այն։ Մեկ շաբաթ անց Այրինը կրկին գնում է տեսնելու նախա-նախատատին, բայց վախենալով երկարաոտ կատվից՝ փախչում է լեռները։ Նախա-նախատատի աշտարակից եկող լույսը Այրինին օգնում է տուն հասնել, ինչից հետո տատը նրան մատանի է տալիս, որից թել է կապված։ Այդ թելը Այրինից բացի ոչ ոք չի տեսնում և այդ մատանու շնորհիվ Այրինը միշտ կարողանում է տուն վերադառնալ։
Գոբլինների տարածքներն ուսումնասիրելիս Քարդիին բռնում են։ Նա կարողանում է հաջողությամբ տրորել գոբլինների ոտքերը, բայց երբ փորձում է Թագուհու ոտքերը տրորել, քարե կոշիկների շնորհիվ Թագուհին անվնաս է մնում։ Գոբլինները բանտարկում են Քարդիին՝ մտածելով, որ սովից կմեռնի։ Բայց Այրինի կախարդական թելը նրան տանում է Քարդիին փրկելու։ Փախչելիս տղան գողանում է Թագուհու քարե կոշիկներից մեկը։ Այրինը Քարդիին տանում է նախա-նախատատի հետ ծանոթացնելու, բայց նա միայն արքայադստերն է տեսանելի։ Քարդին իմանում է, որ գոբլինները դղյակ տանող թունել են փորում, որպեսզի առևանգեն արքայադստերը և ամուսնացնեն գոբլինների արքայազնի հետ։ Քարդին այս մասին տեղեկացնում է դղյակի պահակազորին և դրա համար բանտ նետվում։ Ոտքի վնասվածքի պատճառով տենդի մեջ է ընկնում, իսկ Այրինի նախա-նախատատը բուժում է վերքը։ Այդ ընթացքում գոբլինները հասնում են դղյակ և փորձում առևանգել արքայադստերը։ Քարդին փախչում է բանտախցից և սկսում տրորել գոբլինների ոտքերը։ Գոբլինների նահանջից հետո բոլորը մտածում են, որ արքայադստերը գերի են վերցրել, բայց նրա կախարդական թելի շնորհիվ Քարդին պարզում է, որ աղջիկն իր տանն է և նրան վերադարձնում է պալատ։ Երբ գոբլինները հեղեղում են հանքավայրը, ջուրը հասնում է մինչև պալատ։ Քարդին բոլորին նախազգուշացնում է, իսկ գոբլինները խեղդվում են։ Թագավորը նրան առաջարկում է դառնալ թիկնապահ, բայց Քարդին հրաժարվում է մենակ թողնել ծնողներին և որպես պարգևատրում մայրիկի համար նոր տակի շրջազգեստ է խնդրում։
Ֆիլմի ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Մեծ Բրիտանիայում, իսկ 1994 թ.-ին՝ ԱՄՆ-ում թողարկվեց Արքայադուստրը և գոբլինները ֆիլմը։ Սակայն այն չստացավ դրական արձագանքներ և մեծապես զիջում էր նույն ամսին ԱՄՆ-ում թողարկված Առյուծ արքան ֆիլմին, որ Դիսնեյի ամենահաջողված ֆիլմերից մեկն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eaton, Anne Thaxter (1969). Meigs, Cornelia (ed.). A Critical History of Children's Literature. Macmillan. էջ 200. ISBN 0-02-583900-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստրը և գոբլինները» հոդվածին։ |
|