Ունեցել է ներքին տեսությունների, արտաքին, առևտրային, ազգային և լուրերի բաժիններ, տպագրել է բանասիրական նյութեր, ուսումնական և բարոյախոսական հոդվածներ, վեպեր, գրական այլ ստեղծագործություններ, գրախոսականներ։ Արժեքավոր են ազգային բաժնի նյութերը, հայկական գաղթավայրերի վերաբերյալ հոդվածներն ու բազմազան լուրերը, սկզբնաղբյուրի նշանակություն ձեռք բերած որոշ հրապարակումներ (Խաչատուր Աբովյանի «Աշխարհիկ բարբառ երեւանցի հայոց», 1850, № 360, Գաբրիել Պատկանյանի ուշ շրջանի բանաստեղծություններն ու պոեմները և այլն)։ Լեզուն աշխարհաբար էր[2][3]։
Թերթը լայնորեն տարածվել է Կովկասում և հայկական գաղթավայրերում։ Ընդհատվել է 1886 թվականին, երբ թուրքական կառավարությունը բանտարկել է Հ. Սվաճյանին։ Ծանր հիվանդ վիճակում բանտից ազատված խմբագիրը վերսկսել է թերթի լույսընծայումը, սակայն շուտով, նրա մահից հետո, դադարել է լույս տեսնելուց[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 104)։