Արմենների ծագումը ըստ Ստրաբոնի
Արմենների ծագումը ըստ Ստրաբոնի, Ստրաբոնի ծագումնաբանությունը Արմենների ժանամանակ։
Հունական պատմական ավանդությունը մեզ հասցրել է հայերի ծագման նաև մի երկրորդ ձև, որ պահպանվել է վերոհիշյալ հեղինակներից ավելի, ուշ ապրած Ստրաբոնի մոտ, սակայն իր էությամբ ավելի հին է, քան փռյուգական ձևը։ Դա կարելի է կոչել «Թեսսալական ձև»։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեսսալական ձևի հեղինակներն են Թեսսալիայի Փարսալա և Լարրիսա քաղաքներից դուրս եկած Ալեքսանդր Մակեդոնացու (336-323) զորահրամանատարներ Կիրսիլոս Փարսալացին և Մեդիոս Լարիսացին։ Այս հեղինակների դրվածքը մեզ է հասել Ստրաբոնի միջոցով (մ.թ.ա. 63 մ.թ. 21 թվականներ) և նրանք մեզ հայտնի են միայն Ստրարոնի հիշատակություններից։ Ն. Ադոնցի կարծիքով Անտիգոնոսը (384-301) իշխանության գլուխ անցնելուց հետո հայոց թագավոր Արոանդեսի օժանդակությունն ապահովելու նպատակով նրա մոտ է ուղարկում երկու զորահրամանատարների Կիրսիլոս Փարսալացուն և Մեդիոս Լարիսացուն, որոնք ժամանակին մասնակցել Էին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին[1]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրսիլոսն ու Մեդիոսը, անտարակույս, ձեռքի տակ ունեցել են Թեսալիայում արմենների լինելու մասին պատմական մի ավանդություն, որը մեզ չի հասել։ Հայաստանում (հավանորեն Փոքր Հայքի թագավորությունում) լինելով, նրանք ուշադրություն են դարձրել Հայաստանի և իրենց հայրենի Բեսալիայի որոշ տեղանունների համահնչյունության վրա։ Նրանք ընդհանուր գծեր են գտել նաև հագուստի մեջ և այլն։ Արմենիայի էպոնիմ Արմենին Կիրսիլոսն ու Մեդիոսը կապում են արգանավորդների առասպելի հետ և նրան վերագրում թեսալական ծագում։ «Պատմում են, -կարդում ենք Ստրաբոնի մոտ, -որ Յասովնը, թեսալացի Արմենի հետ դեպի կոլխերի երկիրը նավելիս հասնում է մինչև Կասպից ծովը իսկ Արմենը, -ասում են, ծագում էր Արմենիոնից (սկզբնապես Օրմենիոն Թեսսալիայում), որ մեկն է Բիբեյդյան լճի մոտ՝ Փերեի և Լարիսայի միջև ընկած քաղաքներից. նրա ուղեկիցներն իբր բնակեցրել են Ակիլիսենեն և Սիսպիրիտիսը մինչև Կալաքեն և Ադիաբեն, Արմենից էլ, ասում են, մնացել է Արմենիա անունը»։ Այդ նույն հարցի մասին, մի այլ տեղ, Ստրաբոնը խոսում է հետևյալ կոնտեքստում. «Ալեքսանդրի արշավանքներին մասնակցած Կիրսիլոս Փարսայացու և Մեդիոս Լարիսացու ասելով, երկիրը կոչվել է Արմենիա Արմենի անունով, Արմենի ուղեկիցներից ոմանք գրավեցին Ակիլիսենեն, որը մինչ այդ գտնվում էր սոֆենների (ծոփացիների) իշխանության տակ, իսկ մյուսները բնակություն հաստատեցին Սիսպիրիտիսում մինչև Կալաքեն և Ադիաբեն, Արմենիայի սահմաններից դուրս»։
Վկայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Ադոնցը, Հ. Մանանդյանը, Գ. Ղափանցյանը ուշադրություն են դարձրել այս վերջին վկայության վրա, որը ճիշտ է արտացոլում պատմական իրականությունը[2]։ Ակիլիսենեն (Երզնկայի դաշտը)՝ հյուսի-արևմուտքում և Սի(ս)-պիրիտիսը (Շուպրիտիսը), Կալաքենն ու Ադիարենը հարավ-արևելքում այն շրջօղակն էր, որի սահմաններում ուրարտական պետության կազմավորումից դեռ շատ առաջ տեղի էր ունենամ արմենական ցեղերի տեղաշարժը Փոքր Ասիայից դեպի Հայկական լեռնաշխարհը։ Հայերի ծագման Ստրաբոնի ընդունած վարկածում ևս Ակիլիսենեն (այսինքն՝ Հայասայի կենտրոնական մասը) հանդես է գալիս որպես հայերի նախնիների բնակության սկզբնական վայր։