Արաքսի Ալեքսանյան
Արաքսի Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2006 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ և մրցանակներ |
Արաքսի Նազարի Ալեքսանյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006), խորհրդային արտադրության առաջավոր, ՀԽՍՀ կապի նախարարության Երևանի փոստի կապի բաժանմունքի փոստատար։ ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1924 թվականին Հայկական ԽՍՀ Դարալալագյազի գավառի Ալմալու գյուղում՝ հայկական ընտանիքում։ 1940 թվականից՝ տասնվեց տարեկանում, աշխատել է Դարալալագյազ գավառի Ալմալու գյուղի կոլտնտեսությունում։ 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, նրա ամուսինը՝ Ա. Ն. Ալեքսանյանը զորակոչվել է Կարմիր բանակ և զոհվել պատերազմում։ Արաքսի Ալեքսանյանը Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքում՝ 1941-1945 թվականներին, աշխատել է կոլտնտեսությունում՝ աշխատանքային ճակատում[1]։
1948 թվականից մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Երևան և սկսել աշխատել Երևանի վեցերորդ փոստային բաժանմունքում որպես փոստատար, սպասարկել է քաղաքի կենտրոնական մասը։ Ալեքսանյանը մշակել է փոստի առաքման իր մեթոդը, որը բաղկացած է եղել նրանից, որ առանց ժամանակ կորցնելու որոշակի երթուղու վրա՝ փոստի նախնական տեսակավորմամբ, առաքման ընթացքում կատարել է ողջ գործընթացը, ինչի շնորհիվ ժամանակ է խնայել և ավելի շատ շփվել իր բաժանորդների հետ, ովքեր նրա հետ շփվելուց հետո պատրաստակամորեն բաժանորդագրվել են տարբեր ամսագրեր և թերթեր[2]։
1966 թվականի հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «օրինակելի աշխատանքի և յոթնամյա պլանի առաջադրանքների կատարման համար (1959-1965)» Արաքսի Նազարի Ալեքսանյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և նրա անունը մուտքագրվել է Երևանի փոստային բաժանմունքի պատվո գրքում[1]։
Ալեքսանյանը եղել է սոցիալիստական մրցությունների ակտիվ մասնակից, կատարել և գերակատարել է պետական ծրագիրը, երկար տարիներ կրել է «Կոմունիստական աշխատանքի գերազանցիկ» կոչումը աշխատանքային բարձր ցուցանիշների համար։ 1966-1970 թվականներին ութերորդ հնգամյա պլանի ընթացքում Ալեքսանյանն իր աշխատանքում հասել է էլ ավելի մեծ հաջողությունների և աշխատանքային ձեռքբերումների։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի մայիսի 4-ի հրամանագրով «Կապի միջոցների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների զարգացման հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ձեռք բերված ակնառու հաջողությունների համար» Արաքսի Նազարի Ալեքսանյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[1]։
1972 թվականին Ալեքսանյանը ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Իր հիմնական գործունեությանը զուգահեռ՝ 1975-1980 թվականներին զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքով, ընտրվել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է արդյունաբերության, տրանսպորտի և կապի հանձնաժողովի անդամ[1]։
Վաստակած հանգստի անցնելուց հետո նա ապրել է Երևան քաղաքում։
Մահացել է 2006 թվականին։ Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուրճ և մանգաղ մեդալ (05/04/1971)
- Լենինի շքանշան (05/04/1971)
- Պատվո նշան շքանշան (07/18/1966)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Алексанян, Аракси Назаровна «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ Всеволодов М. Гвардейцы труда // Вестник связи. - 1971. - №7. - С. 7-13
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Всеволодов М. Гвардейцы труда // Вестник связи. - 1971. - №7. - С. 7-13