Jump to content

Առասպել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առասպելը բանահյուսության վիպերգական ժանրերից մեկն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեն Անթեյի, Պրոմեթևսի, Հերկուլեսի, Իկարի մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին հույների աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝ Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան» հունական գրականության մեջ, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 531
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առասպել» հոդվածին։