Ապոլոնիա Իլիրիական (հին հունարեն՝ Ἀπολλωνία), հին հունական խոշոր նավահանգիստ Իլլիրիայում, որը հիմնվել է մ.թ.ա. 588 թվականին Կորինթոսից և Կերկիրայից[1] եկած գաղթականների կողմից՝ իլլիրիական տավլանտիև ցեղի[2] երկրում՝ Վյոսա գետի աջ ափին նրա՝ Ադրիատիկ ծովը թափվելուց 10 կմ-ի վրա։ Տեղակայված լինելով Էգնատիական ճանապարհի (լատին․՝ Via Egnatia) արևմտյան վերջավորությունում, այն միաժամանակ և′ ամրոց էր, և′ առևտրային քաղաք։ Արիստոտելը նրան բերում էր որպես օլիգարխիկ ռեժիմի օրինակ. հույն նորաբնակների ժառանգները պահում էին իրենց ձեռքում գաղութների կառավարումը, որոնք բնակեցված էին մեծ մասամբ իլլիրացիներով։ Ապոլոնիան հատում էր իր սեփական մետաղադրամը և արտերկրում վաճառում էր իլլիրական ստրուկներին։ Անտիկ ժամանակաշրջանի ավարտին Ապոլոնիան դատարկվել է տարածքի ճահճացման պատճառով, իսկ բնակիչները տեղափոխվել են հարևան Վլյորա քաղաք։ Քրիստոնեության առաջին դարերում քաղաքը եղել է համանուն թեմի կենտրոնը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ալբանիան նվաճվեց ավստրիացիների կողմից, սկսվեցին առաջին հնագիտական հետազոտությունները, պատերազմի ավարտին դրանք շարունակեց Լ. Ռեյի ֆրանսիական արշավախումբը։ Ապոլոնիայի տեղում հայտնաբերվել են մ.թ.ա.VI դարի տաճարի և թատրոնի մնացորդներ, սալահատկված փողոցներ և խճանկարային հատակներ, գտածոների մեծ մասը ցուցադրված է Տիրանայում։