Անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձ, սոցիալականացված անհատ՝ անկրկնելի բնածին և ձեռքբերովի որակների ամբողջություն։

Հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Persona» լատիներեն բառը՝ մարդ, անձ, անձնավորություն, նախնական իմաստով նշանակել է դիմակ, որը հագնում էր դերասանը հին հունական թատրոնում։

«Անձ» հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերակել «մարդ», «անհատ» և «անձ» հասկացությունները։

«Մարդ» եզրն օգտագործվում է բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար։ Հումանիտար գիտությունների մեջ ընդունված պատկերացմամբ, մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր։ Մյուս կողմից՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտը, որը կազմում են միմյանց հետ փոխհարաբերող մարդիկ։ Մարդն ունի կենսասոցիալական բնույթ։ Սոցիալականը բխում է բնականից, նրա մեջ միշտ պահպանվում է բնությունից տրված կենդանի սկիզբը։

Մարդկության առանձին ներկայացուցիչները նշվում են «անհատ» հասկացությամբ։ Մարդը ծնվում է որպես անհատ, անձ դառնում է։ Յուրաքանչյուր անձ մարդ է, բայց ոչ բոլոր մարդիկ են անձ։ Անձը որոշակի սոցիալականացում անցած անհատն է։

Անձ և հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձը սոցիալական կյանքի տարրն է։ Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ։ Անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, այսինքն՝ հասարակության, սոցիալական շրջապատի նկատմամբ իր գործունեության, արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն։

Սոցիալական պատասխանատվության էությունը բացատրել է Մաքս Վեբերը՝ որպես նրա չափանիշ առանձնացնելով «սպասումը», երբ անձը կողմնորոշում է գործողությունը, արարքը կողմնորոշում է դեպի սպասվող պատասխան ռեակցիան։ Մարդն իտարբերություն կենդանիների, կարող է կանխատեսել, թե մյուս մարդիկ ինչ են սպասում իր գործողություններից ու արարքներից, ինչպես նաև նրանց արձագանքն այդ գործողությունների հանդեպ։

Փոխադարձ սպասումների կապվածությունն առանձին անձի համար ստեղծում է կանխատեսելիության իրավիճակ, սոցիումում գոյություն ունենալու և զարգանալու կայուն, հուսալի պայմաններ։ Սոցիալական ցնցումները խախտում են կայունությունը, ծնում են տագնապի, անվստահության տրամադրություններ։ Տեղի է ունենում սոցիալական իրականության ապակայունացում։ Սպասումները, կողմնորոշումը դեպի ուրիշները ապահովում են կանխատեսելիության, համախմբվածություն, կանոնավորություն, որոնք, իրենց հերթին, ընկած են քաղաքակրթության զարգացման հիմքում։

Միաժամանակ, անձը, որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ, ունի ինքնավարություն, հասարակությունից որոշակի չափով անկախություն։ Անձնական անկախությունը ենթադրում է ինքնագիտակցության, ինքնավերլուծության, ինքնագնահատման, ինքնավերահսկման ընդունակության առկայություն։ Անձի ինքնագիտակցությունը որոշում է կենսական դիրքորոշումը, վարքագծի սկզբունքները, որոնք հիմնված են աշխարհայացքային կողմնորոշումների, սոցիալական արժեքների, գաղափարների և բարոյական նորմերի վրա։

Անձի և սոցիալական միջավայրի փոխհարաբերությունները, միջավայրին հարմարվելու և ինքնիրացման պայմանները նշանակալի չափով որոշվում են անձի ազատությամբ, նրա ինքնուրույնության աստիճանով։ Անձի ազատությունը հանգում է ընտրության հնարավորությանը, որն ընձեռում է հասարակությունը։ Հասարակության մեջ անձի ազատությունը բացարձակ չէ։ Այն կարգավորվում է ուրիշ անձանց ազատության սահմաններում։ Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ուրիշի ազատությունը։

Անձի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային էակներն ամենուր և ամեն տեղ ապրում են կողք կողքի, գտնվում են սոցիալական կապերի համակարգում։ Սոցիալական խումբն անհատների կայուն ամբողջությունն է։ Համատեղ գործողությունների համար սոցիալական խմբում անհրաժեշտ են աշխատանքի բաժանում և գործողությունների համակարգում։ Խմբային բոլոր գործողություններում տարբեր մասնակիցներ կատարում են որոշակի գործառույթներ։ Աշխատանքի բաժանման շնորհիվ գործառույթը կապվում է այնպիսի գործունեության հետ, որի հետևանքները կարևոր են հասարակության համար։ Որոշակի գործառույթներ կատարելիս, սոցիալական փոխազդեցությունների ընթացքում, մարդու վրա դրվում են որոշակի գործառութային պարտականություններ։

Յուրաքանչյուր անձ հասարակության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է կոնկրետ գործառույթներ։ Անհատի գործառույթը և դրանից բխոր պարտականությունները և իրավունքները որոշվում են նրա սոցիալական կարգավիճակով։ Կարգավիճակը ներառում է գործառույթների որոշակի ամբողջություն, որ կատարում է մարդը՝ ապրելով տվյալ հասարակության մեջ։ Սոցիալական կարգավիճակը հասարակական հարաբերությունների համակարգում անձի դիրքի ցուցանիշն է։ Յուրաքանչյուր մարդ սոցիալական կապերի համակարգում կատարում է տարբեր գործառույթներ և, համապատասխանաբար, ունենում է շատ կարգավիճակներ։ Անձի կարգավիճակային դիրքի հիմքը կազմում են գլխավոր կարգավիճակները, որոնք կրում են համընդհանուր բնույթ, օրինակ՝ տվյալ պետության քաղաքացի, մարդ և այլն։ Ի ծնե ձեռք բերած կարգավիճակն անվանում են նախատեսված (նախանշված)։ Դրանցից են ազգությունը, սոցիալական ծագումը, սեռը, ծննդավայրը և այլև։ Կյանքի տարբեր փուլերում ձեռք բերված կարգավիճակները կոչվում են ձեռքբերովի։ Դրանցից են, օրինակ՝ ծնող, ամուսին, դաշնակահար, բանաստեղծ, վարորդ, ինժեներ, ուսանող և այլն։ Դրանց ձեռք բերման համար անձը որոշակի ջանքեր պետք է գործադրի։

Կարգավիճակները կարող են լինել ձևական և ոչ ձևական։ Հասարակության մեջ ընդունված կարգավիճակների աստիճանակարգը (հիերարխիան) ընկած է տվյալ հասարակության սոցիալական շերտավորության (ստրատիֆիկացիայի) հիմքում։ Կարգավիճակի վարկանիշն արտացոլում է տվյալ հասարակության մշակույթի և հասարակական կարծիքով ընդունված արժեքների համակարգը։ Մեծ նշանակություն ունեն այն կարգավիճակները, որոնք կապված են ունեցվածքի, մասնագիտության, սեռի և տարիքի հետ։

Սոցիալական դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համապատասխան իր կարգավիճակին՝ մարդը հասարակության մեջ կատարում է որոշակի սոցիալական դերեր։ Սոցիալական դերը մարդուց ակնկալվող վարքագիծն է, որը պայմանավորված է նրա կարգավիճակով և բնորոշ է տվյալ հասարակության մեջ այդ կարգավիճակի մարդկանց։ Սովորաբար յուրաքանչյուր կարգավիճակ պարունակում է մի քանի դեր։ Այն դերերի ամբողջությունը, որը պետք է կատարի անձը, դերային հավաքածուն (լրակազմ) է։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի վարքը կարգավորվում է սոցիալական նորմերով։ Նորմերը դրանք վարքի պարտադիր կանոններ են, որոնք ընդունված են հասարակության մեջ։ Կան խիստ պարտադիր և թույլ պարտադրության նորմեր։ Սոցիալական դերը միշտ կապված է տվյալ մշակույթի մեջ ամրագրված նորմերին, օրինակներին, չափորոշիչներին։ Դերակատարումը անձից պահանջում է վարքագծի կազմակերպում՝ խմբային նորմերին համապատասխան։ Տարբեր սոցիալական խմբերում և մշակույթներում վարքագծի չափորոշիչները տարբեր են։ Տարբեր մշակույթներում դաստիարակված մարդիկ որոշակի դժվարություններ են ունենում համատեղ գործունեության ժամանակ։ Դերակատարման որակը պայմանավորված է անձի անհատական առանձնահատկություններով և դերի մեկնաբանմամբ։

Դերերը կատարելիս մարդիկ կարող են ապրել դերային կոնֆլիկտ և դերային լարվածություն։ Առաջինն առաջանում է այն դեպքում, երբ անձի կողմից կատարվող դերերը միաժամանակ ներկայացնում են հակադիր պահանջներ։ Դերային լարվածություն առաջանում է այն դեպքում, երբ նույն դերը անձին միաժամանակ ներկայացնում է հակադիր պահանջներ։

Բոլոր կազմակերպված խմբերում գոյություն ունի սոցիալական վերահսկողություն, որի օգնությամբ անհատների վարքագիծը մոտեցվում է ընդունված նորմերին։ Հարկադրանքի նորմերը սոցիալական սանկցիաներ են, որոնք կարող են լինել ինչպես խրախուսական, այնպես էլ պատժող։ Դրական սանկցիաները կապված են մեծարանքների, պարգևների, խրախուսանքների հետ, բացասականները՝ տարբեր ձևի պատիժների՝ հանդիմանելուց մինչև բանտարկություն կամ նույնիսկ մահապատիժ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոցիալական ոլորտի բառարան, կազմեց Աշոտ Եսայանը, Ե., «Հույսի կամուրջ» ՀԿ, 2005, էջ 24-26։
Ընթերցե՛ք «անձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։