Այնշտայնի նամակը Ռուզվելտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այնշտայնի նամակը Ռուզվելտին

Այնշտայնի նամակը Ռուզվելտին, նամակ, որն Ալբերտ Այնշտայնը 1939 թվականի օգոստոսի 2-ին ուղարկել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Նամակի նախաձեռնողներն ու մեծ մասի հեղինակները հունգարացի տարագիր ֆիզիկոսներ Լեո Սիլարդը, Յուջին Վիգներն ու Էդվարդ Թելլերն էին։  

Նամակը նախագահի ուշադրությունն էր հրավիրում այն հարցին, որ Նացիստական Գերմանիան ակտիվ հետազոտություններ է իրականացնում, որոնց արդյունքում շուտով կարող է միջուկային զենք ձեռք բերել։ Նամակի հեղինակները նաև կոչ էին անում ԱՄՆ-ում ատոմային լայնամասշտաբ հետազոտություններ սկսել։

Գրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակի նախաձեռնողը եղել է Սիլարդը, որը 1939 թվականի սկզբին իմացել է ուրանի շղթայական ռեակցիայի բացահայտման մասին և գիտակցել է նացիստների կողմից ռազմական արդյունավետության մեջ դրա կիրառման հնարավորության մասին։ ԱՄՆ-ի իշխանություններին ուղղված կոչին մեծ հեղինակություն տալու համար նա որոշել է ներգրավել նաև Այնշտայնին։ 1939 թվականի հուլիսին Սիլարդն ու Վինգերը հանդիպել են Այնշտայնին, որն արագ գնահատել է իրավիճակի լրջությունն ու գերմաներենով կազմել է Պետդեպարտամենտին ուղարկվելիք նամակի նախագիծը[2]։

Այն բանից հետո, երբ Վինգերը նամակն անգելերն է թարգմանել ու մեքենագրել է այն, հարց է ծագել, թե ով կարող է այն արագորեն հասցնել նախագահ Ռուզվելտին։ Նախ քննարկվել է նամակը հանձնել հայտնի ավիատոր Չարլզ Լինդբերգին, սակայն վերջինս ռադիոյով ելույթ է ունեցել ԱՄՆ-ի` եվրոպական հակամարտությանը չխառնվելու օգտին և դրական է խոսել հիտլերյան ռեժիմի մասին։ Այդ պատճառով նամակը հանձնվել է ծանոթ բանկիր Ալեքսանդր Սաքսին, որը պարբերաբար հանդիպում էր նախագահի հետ։ Նա, սակայն, ամբողջությամբ չի արդարացրել հույսերն ու նամակն իր մոտ պահել է երկու ամիս, մինչև 1939 թվականի հոկտեմբերի սկիզբ։ Վերջապես հոկտեմբերի 11-ին, արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, նամակը հանձնվել է Ռուզվելտին` Սիլարդի բացատրական երկտողի հետ[2]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտի պատասխանն Այնշտայնին

Ռուզվելտը Ստանդարտների ազգային բյուրոյից Լայման Բրիգսին նշանակել է Ուրանի կոմիտեի ղեկավար` ուսումնասիրելու այն խնդիրները, որոնք նշված են եղել նամակում։ 1939 թվականի նոյեմբերին կոմիտեն զեկուցել է Ռուզվելտին, որ ուրանի օգտագործումը թույլ կտա ստեղծել ոչնչացնող ուժով օժտված այնպիսի զինատեսակ, որը կգերազանցի նախկինում հայտնի ցանկացած զենքի։ ԱՄՆ-ում ստեղծվել է ատոմային զենք ստեղծելու սեփական նախագիծը։ 1939 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուզվելտն Այնշտայնին պատասխան նամակ է ուղարկել, որտեղ շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և տեղեկացրել է նախագծի իրագործման սկզբնական քայլերի մասին[3]։

Ինքը` Այնշտայնը, այդ աշխատանքներին չի մասնակցել։ Հետագայում նա ափսոսանք է հայտնել այդ նամակի հետևանքների համար[4] և բացատրել է իր շարժառիթները[5].

Ես ատոմային ռումբի ստեղծման գործին մասնակցել եմ միայն մեկ քայլով։ Ես ստորագրել եմ նախագահ Ռուզվելտին ուղղված նամակը, որտեղ ընդգծել եմ ատոմային զենք ստեղծելու հնարավորության ուղղությամբ կատարվելիք լայնամասշտաբ ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Ես լիովին գիտակցել եմ այն վտանգը, որն ստեղծվում էր դա իրականացնելու դեպքում։ Սակայն այն, որ նույն ուղղությամբ աշխատում էր նաև նացիստական Գերմանիան, ստիպել է ինձ գնալ այդ քայլին։ Ես այլ ընտրություն չունեի, չնայած ես միշտ համոզված խաղաղասեր եմ եղել։

Պատմաբանները տարբեր կերպ են գնահատում Այնշտայնի նամակի պատմական նշանակությունը։ Մի մասը կարծում է, որ այն որոշիչ մղիչ ուժ է եղել` ատոմային զենք ստեղծելու համար, որոշները (օրինակ, Ա. Պայսը) ենթադրում են, որ այդ դերն աննշան է, և Մանհեթենյան նախագծի զարգացման համար որոշիչ են եղել 1941 թվականին իրականացված անգլիական հետախուզության տեղեկությունները[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Текст перевода. Текст на языке оригинала см. в сборнике: Albert Einstein’s Letters to President Franklin Delano Roosevelt.
  2. 2,0 2,1 Айзексон, 2015, Глава «Письмо».
  3. Albert Einstein’s Letters to President Franklin Delano Roosevelt.
  4. Scientist Tells of Einstein’s A-bomb Regrets. The Philadelphia Bulletin, 13 May 1955. (PDF document from the Swiss Federal Archives from Internet Archive.) and Einstein, Albert (11 1947). «Atomic War or Peace». Atlantic Monthly.
  5. «Национальная идея :: Статьи». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  6. Пайс А. Научная деятельность и жизнь Альберта Эйнштейна. — М.: Наука, 1989. — С. 436. — 568 с. — ISBN 5-02-014028-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айзексон, У. Эйнштейн. Его жизнь и его Вселенная. — М.: Corpus, 2015. — 832 с. — ISBN 978-5-17-079635-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]