Jump to content

Այն, ինչ ես պետք է ասեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Այն, ինչ ես պետք է ասեմ»
Ալեքսանդր Վերտինսկիի երգը
Ժանրռուսական ռոմանս
ԿոմպոզիտորԱլեքսանդր Վերտինսկի

«Այն, ինչ ես պետք է ասեմ» (ռուս.՝ «То, что я должен сказать»), ռուս դերասան, կոմպոզիտոր և բանաստեղծ Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսը, որը գրվել է 1917 թվականի վերջին։ Համարվում է ռուսերեն ամենահայտնի հակապատերազմական երգերից մեկը[1]։

Ալեքսանդր Վերտինսկի

Я не знаю, зачем и кому это нужно,
Кто послал их на смерть недрожащей рукой?
Только так беспощадно, так зло и ненужно
Опустили их в Вечный Покой!

«
»
Ալեքսանդր Վերտինսկի

Ալեքսանդր Վերտինսկին «Այն, ինչ ես պետք է ասեմ» ռոմանսը գրել է Հոկտեմբերյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ 1917 թվականի վերջին երգի տեքստային և նոտային տարբերակները տպագրվել են Մոսկվայի «Առաջադեմ նորություններ» (ռուս.՝ «Прогрессивные новости») հրատարակչության կողմից։ Տեքստում նշվել է, որ երգը նվիրված է «Նրանց պայծառ հիշատակին» (ռուս.՝ «Их светлой памяти»)[2]։

Սկզբում միասնական կարծիք չի եղել այն մասին, թե ում է նվիրված ռոմանսը։ Այսպես, Կոնստանտին Պաուստովսկին, որը 1918 թվականին ներկա է եղել Ալեքսանդր Վերտինսկու համերգին Կիևում, իր հուշերում ենթադրել է․ «Նա երգում էր յունկերների մասին, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ սպանվել էին Բորշչագովկա գյուղում, այն պատանիների մասին, որոնք ուղարկվել էին ստույգ մահվան ընդդեմ վտանգավոր ավազակախմբի»[2]։

Առավել լայնորեն տարածված է այն կարծիքը, որ երգը նվիրված է այն յունկերներին, որոնք զոհվել են Մոսկվայում 1917 թվականի Հոկտեմբերյան զինված ապստամբության ժամանակ և թաղված են Մոսկվայի Եղբայրական գերեզմանոցում։ Այս մասին գրել է Բորիս Ռոզենֆելդը՝ հղում անելով Վերտինսկու «Երկար ճանապարհով...» (ռուս.՝ «Дорогой длинною…») հուշագրությանը[2]. «Հոկտեմբերյան իրադարձություններից կարճ ժամանակ անց ես գրեցի «Այն ինչ ես պետք է ասեմ» երգը։ Այն գրվել է մոսկովյան յունկերների մահվան տպավորության տակ, որոնց հուղարկավորությանը ես ներկա էի»[2]։

Բոլշևիկների թշնամիների հանդեպ համակրանքով լի այս երգի կապակցությամբ Ալեքսանդր Վերտինսկուն կանչել են ՉԿ՝ բացատրություն տալու համար։ Ըստ լեգենդի՝ Վերտինսկին այն ժամանակ ասել էր. «Ախր սա պարզապես երգ է, և հետո, դուք չեք կարող ինձ արգելել՝ խղճալ նրանց»։ Նրան պատասխանել են. «Պետք լինի, շնչել էլ կարգելենք» ։ Այս լեգենդի գոյությունը հաստատող աղբյուրը հայտնի չէ, քանի որ նրա ամենավաղ հիշատակումները բերված են առանց աղբյուրի վեաբերյալ տեղեկությունների նշման[3][4]։

Շուտով Վերտինսկին մեկնել է շրջագայության Ռուսաստանի հարավային քաղաքներով։ Օդեսայում նրա հետ հանդիպել է սպիտակգվարդիական գեներալ Յակով Սլաշչյովը։ Նա Վերտինսկուն պատմել է, թե որքան հայտնի է դարձել իր երգը. «Ձեր երգով... իմ տղաները գնում էին մեռնելու։ Եվ դեռ հայտնի չէ, թե արդյոք դա պետք էր...»[5]։

1930-ական թվականներին Ալեքսանդր Վերտինսկին Գերմանիայում երգը ձայնագրել է «Պարլաֆոն» ֆիրմայի ձայնապնակի վրա[2]։

Այլ կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ երգը գրվել է 20-րդ դարի սկզբին, այն պահպանում է իր արդիականությունը՝ ժամանակ առ ժամանակ ունկնդիրներին հիշեցնելով տեղային պատերազմներում զոհված հայրենակիցների մասին։ Այսպես, վերակառուցման տարիներին ռոմանսը կատարել է Բորիս Գրեբենշչիկովը։ Այն ժամանակ երգն ասոցացվել է Աֆղանական պատերազմի հետ[6]։ Այդ ընկալմամբ էլ երգը հնչում է «Սեր արտոնություններով» (ռուս.՝ «Любовь с привилегиями», «Քաղաքային մանրամասներ») և «Աֆղան» (ռուս.՝ «Афганец») ֆիլմերում։ 2005 թվականին Չեչնիայի ռոք փառատոնում «Այն, ինչ ես պետք է ասեմ» ռոմանսը կատարել է Դիանա Արբենինան[1]։ Երգը ընդգրկվել է նաև Վալերի Օբոձինսկու, Ժաննա Բիչևսկայայի, Տատյանա Դոլգոպոլովայի և Պավել Կաշինի, Նադեժդա Գրիցկևիչի[7], Օլեգ Պոգուդինի, ինչպես նաև «Помни Имя Своё» խմբի երգացանկերում։ 2014 թվականի փետրվարի 20-ին Բորիս Գրեբենշչիկովը ռոմանսը կատարել է Սմոլենսկում կազմակերպված Գարնանային համերգի ժամանակ՝ այն նվիրելով Եվրամայդանում զոհվածների հիշատակին. «Այսօր տարօրինակ համերգ է։ Ամբողջ ժամանակ ինձ չի թողնում այն միտքը, որ հենց այս պահին, երբ մենք երգում ենք այստեղ՝ Կիևում, մեզանից ոչ հեռու ինչ-որ մարդիկ սպանում են ուրիշներին»[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Незаказанная музыка». Коммерсантъ. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Борис Розенфельд. А. Н. Вертинский «То, что я должен сказать» // Terra Nova : Журнал. — 2005. — № 5. Архивировано из первоисточника 25 Օգոստոսի 2014.
  3. «Александр Вертинский». km.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  4. Андрей Архангельский. «Утешитель Александр Вертинский». Огонёк. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  5. Ирина Захариева. «Александр Вертинский. Синкретическое искусство А. Вертинского и его мемуары». liternet.bg. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  6. Владимир Чичерюкин-Мейнгарт. Кто послал их на смерть… // «История» : Газета. — 2004. — № 41 (761). Архивировано из первоисточника 10 Մայիսի 2013.
  7. «Наадя - То, что я должен сказать (А. Вертинский)».
  8. «На смоленском концерте Борис Гребенщиков посвятил песню погибшим на Майдане».
  9. БГ о войне: «То, что я должен сказать» — YouTube

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]