Jump to content

Ակնաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աչք
Աչքի կառուցվածք

Ակնաբանությունը Հայաստանում առաջին մասնագիտացված ակնաբուժական հաստատությունը՝ «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան, որը դարձել է ազգային ակնաբուժության հիմնադիր դպրոցը, բացվել է Երևանում 1929 թվականին՝ բարերար Պողոս Նուպարյանի (Պողոս փաշա Նուպար) նախաձեռնությամբ։ Մինչ այդ՝ 1925 թվականին Հ. Կանայանի նախաձեռնությամբ ԵՊՀ բժշկական ֆակուլտետում կազմակերպվել էր ակնաբանության ամբիոն, որտեղ սկզբնական շրջանում ուսումնասիրվել են տրախոմայի (Հ. Կանայան) և գարնանային կատառի բուժման հարցերը (Ե. Մեսրոպյան)։ Մշակվել է տրախոմայի բուժման ինքնատիպ եղանակ՝ սուլֆիդինի լուծույթի ներերակային ներարկումներով։ Բ. Մելիք-Մուսյանը և Հ. Դեմիրճօղլյանը ՀԽՍՀ-ում առաջինն են ներդրել (1954) էլեկտրացանցենագրության եղանակը, Ս. Մալայանն ստեղծել է տեսողության սրության որոշման հայերեն աղյուսակների հավաքածու։ Ե. Բլավատսկայայի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել գլաուկոմայի, տեսողության օրգանի վնասվածքաբանության, աչքի առաջային հատվածի բուժիչ-օպտիկական վիրահատությունների բնագավառում։ Առաջարկվել է լայնանկյունային գլաուկոմայի համալիր բուժման եղանակ (Ս. Մուրադյան)։ Աչքի թափանցող մեծածավալ վնասվածքների դեպքում մշակվել է ակնագնդի հերմետիկացման և վերականգնման եղանակ՝ պահածոյված ապակենման մարմնի փոխպատվաստմամբ (Մ. Գզգզյան)։ 1960-ական թվականներից ուսումնասիրվել են աչքի տարբեր հիվանդությունների ժամանակ եղջերապատվաստման հարցերը, առաջին անգամ փոխպատվաստման համար օգտագործվել են նորածնի դիակից վերցրած եղջերաթաղանթ (բրեֆոեղջերաթաղանթ)։

Մշակվել են նաև սպիտապատյանի, ապակենման մարմնի պահածոյանման եղանակներ (Տ. Հովսեփյան, Լ. Գալստյան)։ Առաջարկվել են եղջերաթաղանթի փոխպատվաստուկների կիրառման և ամրացման, վիրահատությունների նոր եղանակներ։ 1963 թվականյին ԲԿԻ-ում (1997 թվականից՝ ԱՍԻ) բացվել է աչքի հիվանդությունների ամբիոն, որտեղ փորձարար, եղանակով մշակվել է (Ե. Բլավատսկայա) աչքի բեկունակության (ռեֆրակցիա) շտկման ինքնատիպ եղանակ՝ բրեֆոեղջերաթաղանթով։ 1970-1980-ական թվականներին աշխատանքներ են կատարվել ցանցաթաղանթի և տեսողական նյարդի տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով էլեկտրացանցենագրության եղանակի կատարելագործման բնագավառում։ Տեսողական վերլուծիչի և նրա բաժինների վիճակի գնահատման նպատակով մշակվել է էլեկտրացանցենագրի վերլուծության յուրօրինակ եղանակ (Լ. Բարսեղյան, Ի. Միրզա-Ավագյան)։ Առաջարկվել են ոսպնյակի արտապատիճային հեռացման, բարդացած գարնանային կատառի ձևերի վիրաբուժության (Վ. Մարգարյան), եղջերաթաղանթի խորը շերտերից և ոսպնյակից օտար մարմինների հեռացման (Լ. Բարսեղյան), պոլիմերային սոսնձի («Արմեն») կիրառմամբ՝ անկար եղջերապատվաստման, բրեֆոփոխպատվաստուկի կիրառմամբ՝ սպիտապատյանի ամրացման, աչքի վնասվածքների ու ցանցաթաղանթի կազմափոխման դեպքերում՝ մագնիտոֆորեզի, եղջերաթաղանթաբորբի ծանր ձևերի՝ լազերով բուժման, հերպեսային եղջերաթաղանթաբորբի ախտորոշման եղանակներ։ Աշխատանքներ են կատարվել նոր ինքնատիպ սարքերի ու գործիքների ստեղծման և եղածների ձևափոխման ուղղությամբ

1978 թվականին Երևանի Աջափնյակ թաղամասում բացվել է Հանրապետական գլաուկոմատոզ-տրախոմատոզային դիսպանսերի մասնաշենքը (1996 թվականից՝ Ակնաբան, հանրապետական կլինիկ, հիվանդանոց), որը ներկայումս հանրապետության խոշորագույն ակնաբուժական կենտրոնն է (տնօրեն՝ Ս. Մալայան)։ Ա. Մալայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է աչքի վնասվածքների հանրապետական կենտրոնը, որը կարևոր նշանակություն է ունեցել հանրապետությունում նոր միկրովիրաբուժական անձնակազմ (Թ. Գևորգյանց, Տատյանա Հովսեփյան, Ջ. Կարապետյան) ձևավորելու համար։ 1986-1989 թվականներին կենտրոնում հանրապետության ակնաբուժության պատմության մեջ առաջին անգամ կատարվել են եղջերաթաղանթի թափանցող պատվաստում, արհեստ, ոսպնյակի պատվաստում, ապակենման մարմնի և ցանցաթաղանթի վիրահատություններ (Ա. Մալայան)։ 1988 թվականին Երևանի 1-ին կլինիկ, հիվանդանոցի աչքի կլինիկայի հիման վրա կազմակերպվել են ԳՀ լաբորատորիա և երեխաների տեսողության պահպանման կենտրոնը (Ա. Շաքարյան)՝ հայտնի ակնաբան Էդուարդ Ավետիսովի (Մոսկվա) աջակցությամբ և ԵԲՀ-ի (այժմ՝ ԵՊԲՀ) հովանավորությամբ։ Կենտրոնում ձևավորվել է մանկական ակնաբուժության առաջին ազգային դպրոցը, որտեղ առաջին անգամ իրականացվել են գիտական հետազոտություններ՝ խորացող կարճատեսության, աչքի տարաբեկության (աստիգմատիզմ), տեսողության թուլության (ամբլիոպիա), ակնաշարժի (ևիստագմ), շլության, երկաչյա տեսողության խանգարումների և տեսողական օրգանի որոշ բնածին արատների ախտորոշման ու բուժման նպատակներով։ Ստեղծվել է աչքի հիվանդություններով տառապող երեխաների դիսպանսերացման և վերականգնողական բուժման յուրատեսակ համակարգ։ Մշակվել ու կիրառվել են պլեօպտիկ, օրթօպտիկ, դիպլօպտիկ բուժման ժամանակակից և հեղինակային եղանակներ, ինչպես նաև ատիպիկ շլության, ակնաշարժի ու որոշ բնածին արատների վիրահատական միջամտության նոր եղանակներ։ Մշակվել է խորացող կարճատեսության ախտածնության հեղինակային տեսություն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։