Rote Fabrik

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐rotefabrik.ch/#/
Քարտեզ
Քարտեզ

«Rote Fabrik» մշակութային կենտրոն[1]  (բառացի՝ կարմիր ֆաբրիկա, գերմ.՝ Rote Fabrik), ժամանակակից արվեստի կենտրոն, որը գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Վոլլիսհոֆեն շրջանում։ Համարվում է ոչ ֆորմալ մշակութային կենտրոն։ Շենքը կառուցվել է 1892 թվականին ճարտարապետ Կարլ Ցեխինի նախագծով, «Henneberg» ընկերության համար, որը մասնագիտացած էր մետաքսի արտադրության բնագավառում։ 1972 թվականին քաղաքապետարանը գնել է  շենքը և նախատեսել քանդել այն՝ հարակից Seestrasse փողոցն ընդլայնելու համար։ 1977 թվականին, հանրաքվեի արդյունքներով, շենքը դարձել է մշակութային կենտրոնի տեղակայման վայր, բայց մի քանի տարի փաստացի ֆինանսավորում չի ստացել քաղաքային բյուջեից։ 1981 թվականին ընդգրկվել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։ Համարվում է քաղաքի առանցքային համերգային հրապարակներից մեկը։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա «Կարմիր ֆաբրիկայի» շենքը կառուցվել է 1892 թվականին ճարտարապետ Կարլ Առնոլդ Ցեխինի (CarlArnoldSéquin) նախագծով մետաքսե գործվածքներ արտդրող «Henneberg» ընկերության համար։ 1899 թվականին ընկերությունը դարձել է ցյուրիխյան Հորգենի «Stünzi Söhne Seidenwebereien» մետաքսագործական ֆաբրիկայի մի մասը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940 թվականին, ֆաբրիկայի շենքը դարձել է ամերիկյան ITT Corporation ընկերության  դուստր ձեռնարկության «Standard Telephon & Radio AG» ֆիրմայի սեփականությունը։ 1972 թվականին Ցյուրիխի քաղաքապետարանը գնել է ֆաբրիկայի շենքը և նախատեսել է քանդել այն՝ մոտակա Seestrasse փողոցն ընդլայնելու համար։

«Ժողովրդական նախաձեռնություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 1973 թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Ժողովրդական նախաձեռնություն» (Volksinitiative), ստորագրահավաք, որն անհրաժեշտ է եղել «Կարմիր ֆաբրիկայի» պահպանման և այն մշակութային կենտրոն  դարձնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։ Թեև 1977 թվականին քաղաքի բնակչությունը պաշտպանել է այդ գաղափարը, սակայն  քաղաքային իշխանությունները չեն շտապել իրականացնել նախագիծը (արվեստի կենտրոնը գործնականում չի հիշատակվել քաղաքապետարանի փաստաթղթերում)։ 1970-ականների վերջին մշակութային միջոցառումները հազվադեպ են անցկացվել այդ տարածքում։

Նկատի ունենալով, որ Ցյուրիխ քաղաքի իշխանությունները չեն կատարել հանրաքվեի պահանջները, 1980 թվականին մի խումբ քաղաքացիներ միավորվել են «Interessengemeinschaft Rote Fabrik» (IGRF) ասոցիացիայում։ 1980 թվականի գարնանը երիտասարդ քաղաքացիները շենքում կազմակերպել են մի շարք ռոք համերգներ՝ առանց իշխանությունների պաշտոնական թույլտվության։ Հերթական չարտոնված փառատոնի հայտարարությունը` «Կյանքը մեռած ֆաբրիկայում» կարգախոսով, տարբեր արձագանքներ է առաջացրել քաղաքում։ Փառատոնից երեք օր առաջ քաղաքային խորհուրդը որոշել է «հանդուրժել, բայց չհաստատել» նման պրակտիկան, ինչի արդյունքում 1980 թվականի մայիսի 17-18-ին տեղի ունեցած  միջոցառմանը մասնակցել է մոտ 2000 մարդ, բացի երաժշտական միջոցառումից, հրապարակում ակտիվորեն քննարկվել է նաև արվեստի կենտրոնի ճակատագիրը։

Հիմնարկեք[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի մայիսի 30-ին, երբ հրապարակավ հայտարարվել է Ցյուրիխի օպերային թատրոնին 61 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու մասին որոշումը, մի շարք բախումներ են տեղի ունեցել արվեստի կենտրոնի համար պայքարող  երիտասարդ ցուցարարների և տեղի ոստիկանության միջև։ Երիտասարդական շարժումը պահանջել է քաղաքապետարանից ստեղծել այլընտրանքային երիտասարդական մշակույթային կենտրոն, օրինակ՝ արդեն համաձայնեցված մշակութային կենտրոնը «Կարմիր ֆաբրիկայում»։

1980 թվականի հոկտեմբերի 25-ին «ժամանակավորապես» բացվել է «Rote Fabrik» մշակութային կենտրոնը։ Երաժշտությունն ու թատրոնը դարձել են նրա գործունեության հիմնական ուղղությունը[2]։ Բացի այդ, շենքում ստեղծվել է «selbständige Veloflicken» հեծանիվների վերանորոգման արհեստանոցը։ Որոշ անկախ թատերական ընկերություններ, որոնք հետագայում համաշխարհային ճանաչում են ստացել, իրենց առաջին ելույթներն են ունեցել «ֆաբրիկայում»։ 1984 թվականից նրա պատերի ներքո անցկացվում է ժամանակակից էլեկտրոնային երաժշտության «Taktlos Festival» փառատոնը։ 1981 թվականին «Կարմիր ֆաբրիկան» ընդգրկվել է քաղաքի ճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ չորս տարի անց այնտեղ բացվել է «Ziegeloh Lac» ռեստորանը, որի անվանումը ոճաբանական ակնարկ էր Ցյուրիխի «Baurau Lac» նորաձև հյուրանոցի անվանը։ 1987 թվականին շենքում հիմնադրվել է «Shedhalle» միությունը, որն այդ ժամանակվանից ղեկավարել է նախկին ֆաբրիկայի տարածքում գործող «ժամանակակից և քննադատական արվեստի» համանուն ինստիտուտը։ 1987 թվականին հանրաքվեով օրենսդրությունը փոփոխության է ենթարկվել. որոշվել է, որ «Կարմիր ֆաբրիկան» պետք է գործունեություն իրականացնի և սուբսիդավորվի քաղաքային իշխանությունների կողմից՝ որպես այլընտրանքային մշակութային կենտրոն։ Այդ ժամանակվանից «F+F Schulefür Kunstund Design» Արվեստի և դիզայնի դպրոցը այստեղ տեղակայել է  իր նկարչական արվեստանոցը։

Rote Fabrik-ի տեսքը Ցյուրիխ լճից

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների սկզբին շենքը վերանորոգվել և վերակառուցվել է ցուցահանդեսների անցկացման նպատակներով։ 2002 թվականին սուբսիդիաները ճշգրտվել են մինչև 2,3 միլիոն ֆրանկ, ինչը հնարավորություն է տվել տարեկան անցկացնել ավելի քան 300 միջոցառում։ 2010 թվականին կենտրոնի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ անցկացվել է «30 Jahresindgenug» միջոցառումների շարքը, որոնց մասին տեղական մամուլում արձագանքներ են եղել որպես «ինքնաքննադատություն»։ 2019 թվականի դրությամբ «Rote Fabrik»-ը դեռ գործում է որպես «կոլեկտիվ» (գեղարվեստական կոոպերատիվ)՝ շուրջ քսան լրիվ դրույքով աշխատողներով։ Երաժշտական հրապարակը տեղավորում է մինչև 1000 հանդիսատես։

2008 թվականից կենտրոնում գործում է նաև «Raumfür Medienkulturender Welt» մեդիա մշակութային կենտրոնի մասնաճյուղ՝ «Dock 18»-ը։ 2012 թվականի հունիսին շենքում հրդեհ է բռնկվել։ Միայն մի քանի ժամ հետո է հրշեջներին հաջողվել հրդեհը հսկողության տակ վերցնել։ Ոչ ոք չի տուժել, բայց մեծ քանակությամբ արվեստի գործեր են ոչնչացել[3]։ Rote Fabrik-ի պատմությունը՝ «Bewegung tut gut» («Շարժումը լավ է») վերնագրով, հրատարակվել է 2021 թվականին[4]։

Կենտրոնը հյուրընկալել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Գյունտեր Գրասը և Ալիս Շվարցերը և այնպիսի խմբերի, ինչպիսիք են Bad Religion, Manu Chao, Nirvana և Red Hot Chili Peppers[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Подайте заявку на арт-резиденцию в Цюрихе». colta.ru. Colta.ru. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Hansen, Jan (2016). «Defining Political Dissidence: The Swiss Debate on the Riots of 1980–81». A European Youth Revolt: European Perspectives on Youth Protest and Social Movements in the 1980s (անգլերեն). Palgrave Macmillan UK. էջեր 243–257. ISBN 978-1-137-56570-9.
  3. Vaudan, Lucienne-Camille; Wertheimer, Pia (2012 թ․ հունիսի 13). «Rote Fabrik: Feuer nach Stunden unter Kontrolle». Tages Anzeiger (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
  4. Büttner, Jean-Martin (2021 թ․ սեպտեմբերի 26). «Jubiläum einer Zürcher Institution – Leben und weiterleben in der Roten Fabrik». Tages Anzeiger (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Rote Fabrik». www.zuerich.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Rote Fabrik» հոդվածին։