Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Մարմնի երկարությունը՝ 22-25 սմ է, թևերի բացվածքը՝ 53-60 սմ՚. երկարաոտ է, կտուցը՝ սև, երկար։ Թռչելիս տեսանելի է թևի սպիտակ շերտը։ Հանգստի պահին թևի ծայրը հավասար է պոչի ծայրին։ Բնադրման շրջանում արուի կրծքի կարմիր-դարչնագույն շերտն անցնում է սև ակնաշերտի վերին սահմանը։ Էգն ավելի խամրած է, հաճախ կրծքի կողքերին կան բաց կարմիր-դարչնագույն բծեր։ Երիտասարդի գլուխը, կուրծքը դեղնավուն դարչնագույն են, փետուրները վերևից՝ բաց երիզով։ Կերակրվում է քարադրներին բնորոշ շարժումներով (կանգ-վազք-կանգ)։ Ձայնը բաղկացած է բարձր դայլայլուն հնչյուններից։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին։ Արմաշի ձկնաբուծական լճակներում 1989-1990 թթ.-ի տվյալներով գրանցված է 1-4 և 8-10 թռչուն։
Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի 1-ին կեսին։ 1-ին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին-մայիսի ընթացքում։ Հունիսի 2-րդ տասնօրյակում հայտնվում են աղվափետրածածկ, չթռչող ձագեր, որոնք հուլիսից օգոստոս հմուտ թռչելու ունակ են։ Աշնանային չուին նախապատրաստվող խմբերը կազմվում են օգոստոս-սեպտեմբերին։ Որպես հազվագյուտ, փոքրաքանակ և բավական սահմանափակ տարածված տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության։